«Իմ քայլը» պատգամավորական խմբակցությունը փակ գաղտնի քվեարկությամբ 87 ձայնով հավանության արժանացրեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը, որով խորհրդարան էր եկել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Իհարկե, առանձին նախաձեռնությամբ խորհրդարանում պետք է քննարկվի և քվեարկվի Ծառուկյանին նաև կալանավորելու վերաբերյալ հարցումը, քանի որ առաջինը վերաբերում էր նրան մեղադրանք ներկայացնելու իրավասությանը: Կբավարարի՞ «Իմ քայլը» նաև կալանքի հարցը, բարդ է ասել, սակայն հատկանշական է, որ առաջին քվեարկությունը «Իմ քայլը» իրականացրել է գրեթե անթերի, այսինքն՝ չեն քվեարկել միայն բացակա պատգամավորները, իսկ քվեարկողները բոլորը եղել են կողմ: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» չեն մասնակցել քվեարկությանը: Այս պարագայում էականը, թերևս, «Իմ քայլի» քվեարկությունն էր, արդեն տևական ժամանակ շրջանառվող այն խոսակցությունների ֆոնին, որ խմբակցության ներսում կան լուրջ հակադրություններ և բաժանարար գծեր, և հնարավոր է՝ պառակտում:

Առնվազն ընթացիկ քվեարկությամբ «Իմ քայլը» ակնհայտորեն դրել էր ոչ միայն կոնկրետ հարցը լուծելու խնդիր՝ կապված Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցի հետ, այլ նաև ցույց տալու, որ խմբակցությունում ամեն ինչ կարգին է, և «արշալույսները խաղաղ» են:
Եղել է դա կոնկրե՞տ պայմանավորվածություն խմբակցության փակ նիստում, թե՞ պատգամավորները, որոնք, այդուհանդերձ, ունեն խնդիրներ, որոնց հասցեին կարող են լինել կասկածներ, գերադասել են գոնե այս բավականին թեժ և լարված փուլում չսրեն իրենց հանդեպ կասկածները, չտան իրենց հանդեպ ավելորդ ուշադրության տեղիք և այդպիսով չհայտնվեն բարդ վիճակում: Հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը և թե՛, իհարկե, երրորդը՝ որ «Իմ քայլի» պառակտման մասին կամ ներքին դժգոհությունների մասին խոսակցությունները չափազանցված են, առնվազն երբ հարցը վերաբերում է քաղաքական մեծամասնության համար ստրատեգիական հարցերի: Իսկ Ծառուկյանի հարցը, անշուշտ, ստրատեգիական է: Միաժամանակ՝ անկախ, իհարկե, օրվա քվեարկություններից, ստրատեգիական է նաև »Իմ քայլի» հավաքականության հարցը: Ի վերջո, ակնառու է, որ այնտեղ առկա են տարբեր խմբեր ու թևեր, որոնք հավաքվել են հեղափոխության հանրագումարում: Ըստ այդմ, դրանց պահելու համար անընդհատ պետք է հեղափոխություն, ինչպես, օրինակ, ակնառու է ներկայիս իրավիճակում, որն, ըստ էության, հեղափոխության յուրօրինակ տրամաբանության վերարտադրում է:

Ըստ այդմ՝ առկա է դիլեմա՝ ստրատեգիական հեռանկարում «Իմ քայլը» ունի՞ այսպես ասած՝ քաղաքակիրթ բաժանման և ֆիլտրացիայի մեխանիզմ ու պատկերացում, թե՞ ելքը մշտապես փնտրվելու է «հեղափոխության» վերարտադրության մեջ: Միևնույն ժամանակ, ուշադրության է արժանանում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի բացակայությունը, որի վերաբերյալ մամուլը գրել էր, թե նա Ծառուկյանին խոստացել է չքվեարկել նրան զրկելու օգտին: «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հարցին պատասխանել է, որ Սասուն Միքայելյանը բացակայում է, որովհետև վատառողջ է: Իհարկե, չարժե զբաղվել գուշակությամբ՝ դա իրակա՞ն բացատրությունն է, թե՞ պարզապես պատճառաբանություն, իսկ իրականում Միքայելյանը կոմպրոմիսի է եկել իր խմբակցության և Ծառուկյանի միջև:

Սակայն այս պարագայում էլ, զուտ իրավիճակային դիլեմաներից դուրս, ռազմավարական հեռանկարում «Իմ քայլի» ներքին լրջագույն հարցերից մեկը հենց Սասուն Միքայելյանի հարցն է՝ հաշվի առնելով և այն, որ նա բավականին բազմաշերտ և քաղաքականապես որոշակիորեն անկանխատեսելի ԵԿՄ նախագահն է: