Պաշտոնից ազատման դիմում է գրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Դավիթ Անանյանը փաստորեն դառնում է կորոնավիրուսային Հայաստանի առաջին քաղաքական «զոհը», իհարկե պայմանականորեն:

Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչի համար է հեռանում Անանյանը: Նա ինքն է դիմում գրել որեւէ պատճառո՞վ, թե՞ վարչապետ Փաշինյանն է հորդորել  գրել դիմումը:

Այսպես թե այնպես, Անանյանի հեռացումը նշանակալի իրադարձություն է, այն պարզ պատճառով, որ նա զբաղեցնում էր կարեւորագույն պաշտոն՝ ՊԵԿ նախագահի: Իսկ հարկային ու մաքսային կառույցը Հայաստանում ունի էական նշանակություն ոչ միայն զուտ ֆիսկալ, կամ բիզնես միջավայրային, այլ նաեւ քաղաքական իմաստով, չնայած թավշյա հեղափոխության հանգամանքին:

Ի վերջո, Հայաստանում ինստիտուցիոնալ քաղաքական վերափոխումը դեռ ոչ միայն ամբողջական չէ, այլ նոր է միայն փորձ անում մտնել հիմնական ճանապարհ: Իսկ մինչ այդ, Հայաստանում ուժգնացել է դիմակայությունը իշխանության եւ նախկին համակարգի միջեւ, ինչի խորքում անշուշտ բավական բազմաշերտ շարժառիթներ են: Դրանց թվում են նաեւ Հայաստանում տնտեսական ստատուս-քվոն եւ կապիտալի բաշխվածությունը:

Այդ առումով Հայաստանում կան բեւեռացումներ: Խոշոր կապիտալը միատարր չէ, դրա մի մասը կարողացել է պայմանավորվել կառավարության հետ՝ խաղի նոր կանոնների շուրջ, բայց մի շոշափելի մաս էլ դիմադրում է: Այստեղ էական «քաղաքական» դեր ունի ՊԵԿ-ը: Իսկ այդ գործոնը դեր ունի ՊԵԿ նախագահի պաշտոնանկության հետ, թե ոչ, դժվար է ասել, քանի դեռ չկան փաստական հիմքեր:

Միաժամանակ, պետք է դիտարկել իհարկե տնտեսական լարվածության եւ հարկահավաքման բարդությունների գործոնը, որտեղ կարող էին լինել դրվող նպատակների հետ Անանյանի անհամաձայնության, կամ Անանյանի կարողությունների հետ դրվող նպատակների անհամադրելիության խնդիրներ:

Եվ, ի վերջո, «դարի սկանդալի»՝ Հայաստանից Ռուսաստան առաքվող ծխախոտի պատմությունը: Այդ կապակցությամբ եղել են թե ՊԵԿ, թե վարչապետի հայտարարությունները, որ Հայաստանից ապրանքը ձեւակերպվել եւ դուրս է հանվել միանգամայն օրինական, այդուհանդերձ պետք չէ բացառել որեւէ նստվածքի առկայությունը:

Spread the love