Putin

Կրեմլի խոսնակ Պեսկովը հաստատել է տեղեկությունը, որ Պուտինի Նոր Օգարյովոյի եւ Կրեմլի աշխատավայրերում տեղակայված են այսպես ասած ախտահանիչ թունելներ: Դրանք ստեղծվել են Պենզայում եւ, ըստ տեղեկության, թույլ են տալիս վարկյանների ընթացքում ախտահանել դրանցով անցնող անձին: Իսկ դրանցով անցնում են անձինք, որոնք պետք է շփվեն Պուտինի կամ նրա վարչակազմի հետ:

Հետաքրքիր է, արդյոք ՌԴ նախագահի հետ շփումների հարցում թունելային ախտահանման այդ նորամուծությունը կկիրառվի նաեւ Պուտինի օտարերկրյա հյուրերի նկատմամբ, որոնք Մոսկվայում են լինելու հունիսի 24-ին: Հայտնի է, որ այդ օրը անցկացվելու է մայիսի 9-ից հետաձգված Հաղթանակի 75-ամյակի շքերթը: Երկար ժամանակ անորոշ էր, թե կորոնավիրուսի պատճառով հետաձգված շքերթը երբ է նշանակվելու: Հունիսի 24-ն այդ իմաստով անսպասելի որոշում էր, հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի վիճակն ու վիճակագրությունը Մոսկվայում ամենեւին բարվոք չէ: Ավելին, դատելով մի շարք հայտարարություններից, Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը այնքան էլ ոգեւորված չէ ներկայիս պայմաններում շքերթի անցկացումից:

Միաժամանակ, հունիսի 9-ից Մոսկվայում հանկարծ չեղարկվեց կարանտինը, թեեւ այժմ թե քաղաքային, թե ֆեդերալ իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում շքերթին հետեւել տնից:

Ինչու՞ շտապեց Պուտինը: Երբ նա հանկարծ որոշեց հրամանագրով փոխել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրը՝ այն սեպտեմբերի 2-ից տեղափոխելով 3, շատերը համարեցին, որ դա արվում է այդ օրը շքերթ անցկացնելու համար, որպեսզի չլինի Արեւմուտքում այդ առիթով միջոցառումներին զուգահեռ:

Եվ թերեւս Պուտինն էլ ուներ այդ հաշվարկը, սակայն տեղի ունեցավ ինչ որ բան, որը նրան ստիպեց հանկարծ հանձնարարել պատրաստվել հունիսի 24-ի շքերթին: Շքերթը նրա համար անշուշտ քաղաքական գործիք է, առանց այդ էլ սուղ ռեսուրսների պայմաններում: Հատկանշական է, որ դրա թարմ դոզայի ներքո էլ ՌԴ նախագահն ուզում է անցկացնել Սահմանադրական հանրաքվեն՝ իր ժամկետի զրոյացումը:

Ինչն է ստիպել ՌԴ նախագահին շտապել: Ըստ ամենայնի, համաշխարհային ուժերի վերադասավորման աշխույժ գործընթացն ու ամերիկա-չինական դիմակայության պայմաններում աշխարհքաղաքական գերակա տանդեմի ձեւավորումը, որտեղ Մոսկվան հիմնավորապես զրկվում է երկրորդի, այլ կերպ ասած նոր աշխարհակարգի շուրջ համաշխարհային քննարկումներում ԱՄՆ-ի հետ գլխավոր բանակցողի կարգավիճակից:

Հավանաբար դա է ստիպել Պուտինին հունիսի 24-ին ՌԴ այսպես ասած ազդեցության գոտու պետությունների ղեկավարներին հրավիրել Մոսկվա: Միեւնույն ժամանակ, հատկանշական է, որ գործնականում ամենուր Մոսկվա այցից առաջ փորձել են ամրացնել դիրքերը, ըստ երեւույթին սպասելով բավականին լուրջ խոսակցության եւ պատրաստվելով հավակնոտ պահանջներ մերժելուն: