Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական հանրաքվեն չեղարկելու մասին օրինագիծը: Ֆորմալ իմաստով այն, իհարկե, օրինագիծ է արտակարգ դրության պայմաններում ընդհանրապես որևէ հանրաքվե չեղարկելու հնարավորության մասին, բայց անկասկած է, որ շարժառիթը ապրիլի 5-ին նախատեսված և կորոնավիրուսի պատճառով հետաձգված հանրաքվեն էր:

Այդպիսով, հնարավոր է ասել, որ կառավարող մեծամասնությունը հրաժարվում է ՍԴ կազմի հարցը հանրաքվեով լուծելու արմատական տարբերակից: Միաժամանակ, «Իմ քայլը» մեծամասնությունն ազդարարել է, որ կարող է լինել խորհրդարանական լուծման նոր մոտեցում, որով կազմը չի փոխվում ամբողջությամբ, այլ ընդամենը պաշտոնավարման ժամկետները համապատասխանեցվում են գործող Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումներին, և կատարվում է ՍԴ նախագահի նոր ընտրություն: Միայն կորոնավիրո՞ւսն էր պատճառը, որ ընտրվեց հանրաքվեն չեղարկելու տարբերակ, թե՞ կան այլ խնդիրներ: Եթե բանը լինել կորոնավիրուսը, ապա կփոխվեր լուծման, այսպես ասած, մեխանիզմը, բայց ոչ բովանդակությունը: Նույն բովանդակությունը կընդունվեր խորհրդարանում: Թեև դա, իհարկե, կարող էր առաջացնել խնդիր արտաքին գործընկերների, մասնավորապես ԵԽ հետ, դրա Վենետիկի հանձնաժողովի հետ:

Բանն այն է, որ այնտեղ, թերևս, ընդունվեց ուղիղ ժողովրդական քվեարկությամբ արմատական լուծման մոդելը, սակայն ներկայացուցչական ինստիտուտով արմատականությունը կարող էր արժանանալ մերժման: Իսկ պաշտոնական Երևանը ներկայումս չի գնա ԵԽ հետ կոնֆլիկտի, եթե, իհարկե, ընդհանրապես ունի այդ կոնֆլիկտն իմաստ որևէ պարագայում:

Խոսքը ՍԴ հարցի համատեքստում իմաստի մասին է: Արդյոք Հայաստանի համար դա այն հա՞րցն է, որի համար արժե մտնել ԵԽ հետ հակադրության մեջ մի ժամանակահատվածում, երբ ընթանում է աշխարհաքաղաքական վերափոխման, նոր աշխարհակարգի ձևավորման բուռն և դինամիկ ընթացք, և դրանում Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է տարբեր աշխարհաքաղաքական բևեռների հետ դուրս գալ երկխոսության հնարավորինս արդյունավետ մակարդակի, Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգային շահերը սպասարկելու համար:

Spread the love