Khachaturov

Ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնաժամկետը հունիսի 4-ն է։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ 100 ժամից ավելի տեսաձայնագրություններ ունեն, որոնք ուսումնասիրելուց հետո պետք է զեկույցի վրա աշխատեն։ Հանձնաժողովի վերջին հյուրը «հարցաքննվել» է հեռակա տարբերակով։

Խոսքն ապրիլյան իրադարձությունների ժամանակ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի մասին է, որը այժմ Մոսկվայում է։ Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ Յուրի Խաչատուրովը 2 օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու ու հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու համար։ Ինչպես հայտնի է՝ Խաչատուրովը ևս մեկ անգամ մերժել է հրավերը։

Յուրի Խաչատուրովը Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։ Հենց նա է ապրիլի 5-ին Մոսկվայում կնքել հրադադարը, այն դեպքում, երբ տարբեր հրամանատարների պնդմամբ՝ հայկական կողմն արդեն իսկ պատրաստ էր առաջ շարժվել, հետ բերել կորցրած դիրքերը, երբ կանգ առնելու հրաման է տրվել։

Պաշտպանության հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց՝ հանձնաժողովն ավարտում է աշխատանքները, պատրաստվում են եզրակացության․«Մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք մի քանի հազար էջ փաստաթուղթ, ավելի քան հարյուր ժամ տեսաձայնագրություն քննիչ հանձնաժողովի աշխատանքներից։ Պատրաստվում ենք եզրակացություն ներկայացնել, բայց քննարկման առարկա է, թե որ մասն է ներկայացվելու հանրությանը, բա՞ց է լինելու, թե՞ ոչ։ Կան պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի պետք է լինենք ծայրահեղ զգույշ, որպեսզի մեր որևէ նախադասություն չվերածվի ազգային անվտանգության սպառնալիքի»։

Մկրտչյանի խոսքերով՝ զրուցել են ներկա և նախկին բազմաթիվ պաշտոնյաների, զինվորականների, նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծի զինվորների հետ. «Միակ անձը, որը մերժել է քննիչ հանձնաժողով ներկայանալու առաջարկը՝ Յուրի Խաչատուրովն է։ Ունեինք բազմաթիվ հարցեր Յուրի Խաչատուրովին, բայց, ցավոք սրտի, այդ հարցերը նրան ուղղելու հնարավորություն չունեցանք։ Նաև Էդվարդ Նալբանդյանի հետ ենք զրուցել։ Այսինքն՝ բացի ուժային, ռազմական բլոկից, արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուի հետ ենք խոսել»։

Ինչո՞ւ Խաչատուրովը մինչև վերջ մերժեց հանձնաժողով գալու առաջարկը, պատգամավորը դրա պատասխանը չունի, բայցև նշում է. «Պետք է գար, որովհետև ինքը բարձր պաշտոն է զբաղեցրել, պաշտպանության բլոկի թիվ մեկ պատասխանատուն է եղել, պետք է գար ու պատասխաներ մեր հարցերին»։

Մեր այն դիտարկմանը, թե Խաչատուրովը ինչ-որ բան ունի թաքցնելու, և խոսքը, մասնավորապես, ապրիլի 5-ին Մոսկվայում կնքած հրադադարի համաձայնագրի մասին է, այն դեպքում, երբ մեր շատ հրամանատարներ խոսում էին կորցրածը հետ բերելու մասին՝ եթե չլիներ Խաչատուրովի ստորագրած հրադադարը, Արեն Մկրտչյանն արձագանքեց. «Մենք, բնականաբար, այդ հարցը քննել ենք, տասնյակ հարցեր ենք ուղղել տարբեր անձանց, ովքեր եղել են հանձնաժողովում, ու, բնականաբար, մի շարք հարցերի պատասխան պետք է տար Յուրի Խաչատուրովը։ Ես այս պահին փաստեր չունեմ որևէ պնդում անելու համար, բայց ամեն դեպքում՝ առանցքային ֆիգուր է եղել Յուրի Խաչատուրովը, ու մեծ հարցեր են առաջանում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի առաջարկը մերժելու հետ կապված»։

Ինչ վերաբերում է հնարավոր քրեական գործերի հարուցմանը, պատգամավորը նշեց. «Ես իրավական գնահատական տալ չեմ կարող, բայց կարող եմ նշել, որ շատ արդյունավետ ենք աշխատել։ Մեր եզրակացության մեջ մանրամասն զետեղելու ենք այս մեկ տարվա աշխատանքը։

Իրավապահները պետք է ուսումնասիրեն ու եթե կգտնեն քրեական գործեր հարուցելու հիմքեր, դրանք կհարուցվեն։ Նման պնդում չեմ կարող անել, որովհետև, նախ, իրավական գնահատական տալու լիազորություն չունեմ և երկրորդը՝ քանի որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եմ ու հանձնաժողովի անդամ, իմ կողմից նման հայտարարությունը կարող է դիտարկվել որպես ուղղորդում։ Ես դա չեմ անի, դա մեր տիրույթից դուրս է։ Իսկ այն, որ մենք շատ մանրամասն եզրակացություն ենք պատրաստելու՝ անկախ նրանից, դա կլինի բաց, թե փակ՝ դա միանշանակ է»։

Spread the love