Tavush gyux

Ադրբեջանի 26-ամյա մի քաղաքացի ինքնակամ հանձնվել է Հայաստանին, Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մերձակայքում հատելով սահմանը: Գյուղացիները, հունիսի 12-ի առավոտյան հայտնաբերելով նրան, հանձնել են ԱԱԾ-ին, որն էլ ներկայումս զբաղվում է ադրբեջանցու խնդրով:

Նա իբրև թե հովիվ է, որի հանդեպ վատ են վարվել և նա, թողնելով հոտը, որոշել է անցնել Հայաստան: Որքանով է իրական այդ պատմությունը, կպարզի ԱԱԾ-ն: Առայժմ ի հայտ եկած տեղեկությունը առաջ է բերում մի քանի հարց, ինչպես նաև առաջացնում կարևոր դիտարկման անհրաժեշտություն:

Մասնավորապես, ինչպես է սահմանը հատել ադրբեջանցին, որ առավոտյան հայտնաբերվել է գյուղում, և նրան գտել են գյուղացիները: Արդյո՞ք անցնող ադրբեջանցին եղել է մենակ, արդյո՞ք նա, այսպես ասած, շեղող մանևր չէ, երբ ինքնակամ հանձնվելով գրավելով ուշադրություն, կարող է այսպես ասած՝ շեղել հնարավոր «գործընկերներից»: Անկասկած է, որ ԱԱԾ-ն այստեղ ունի շատ լուրջ պարզելու բաներ՝ համոզվելու համար, որ նա չի ունեցել պոչ կամ որևէ մեկի պոչը չէ: Եվ այդ առումով պետք է թերևս դիտարկել սահմանային անվտանգությունը՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր սահմանակից գյուղ անցնել առանց սահմանապահների ուշադրության:

Մյուս հանգամանքը այն է, որ տեղեկությունը հայկական մամուլում է հայտնվում պաշտոնականից ավելի արագ, գյուղացիների միջոցով: Տեղյա՞կ է ԱԱԾ-ն այդ մասին, դա արվել է ԱԱԾ գիտությա՞մբ, թե՞ գյուղացիները պարզապես հայտնել են մամուլին: Սա կարևոր է այնքանով, որ ինչ-ինչ իրավիճակներում գուցե ամենևին պետք չէ արագորեն հայտնել հայկական կողմում հայտնված և իրավապահների ձեռքում գտնվող ադրբեջանցու մասին, գուցե պետք է այդ տեղեկությունը պահել մի քանի օր, ելնելով իրավիճակից: Հետևաբար՝ պարզելու կարիք ունի այն, թե ինչպես է տեղեկատվությունը հայտնվել մամուլում, և ընդհանրապես ինչ մեխանիզմ է աշխատում այդպիսի դեպքերի կառավարման համար: Եվ, այդ ամենով հանդերձ, անհրաժեշտ է էապես բարձրացնել Հայաստանի սահմանակից շրջանների բնակչության զգոնությունն ու պաշտպանությունը, նաև հայ դիրքապահ-սահմանապահների զգոնությունը: Մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցիները կփորձեն որևէ կերպ առևանգել Հայաստանի բնակչի կամ զինծառայողի, իրենց բնակչի հետ փոխանակելու համար: Ըստ այդմ, անհրաժեշտ է աչալրջություն սահմանին այդօրինակ վտանգը կանխարգելելու համար: