Հունիսի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Բելառուսի նախագահի միջեւ: Զրույցը տեղի է ունեցել Մինսկի նախաձեռնությամբ: Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի վիճակը:

Լուկաշենկոն նաեւ առողջություն է մաղթել Փաշինյանին ու ընտանիքին, որոնք վարակվել են կորոնավիրուսով, եւ հույս հայտնել, որ վարակի հաղթահարման հետ շուտով կգա դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը:

Կորոնավիրուսը հաճախակիացրել է Փաշինյան-Լուկաշենկո շփումները, վերափոխելով այն լարվածությունը, որ կա Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Այստեղ առանցքային հանգամանքներից մեկը թերեւս այն է, որ Հայաստանն ու Բելառուսը ունեն համատեղ շահեր, կապված Ռուսաստանի հավակնությունների հետ: Բանը լոկ գազի գինը չէ, այլ նաեւ ինքնիշխանության խնդիրը:

Ռուսասկան գազի գինն անշուշտ էական տեղն ունի այդ փաթեթում: Քննարկել են Լուկաշենկոն եւ Փաշինյանը գազի հարցը, թե ոչ: Պաշտոնական հաղորդագրության մեջ լռությունը ավելի շուտ թերեւս կարող է նշանակել այո: Իսկ արդյո՞ք Լուկաշենկոն խոսելով դեմ առ դեմ հանդիպման մասին, ակնարկել է Մոսկվայում հունիսի 24-ին հանդիպելու հնարավորությունը:

Բանն այն է, որ Պուտինը նշանակել է հետաձգված շքերթը եւ հրավիրել նաեւ ԱՊՀ ղեկավարներին, եւ ոչ միայն: Հունիսի 1-ին վարչապետ Փաշինյանի ծննդյան տոնի առիթով նրան զանգահարել էր Պուտինը: Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ հույս արտահայտել, որ մինչ այդ կապաքինվի վարակից եւ կկարողանա ներկա լինել: Կրեմլի հաղորդագրության մեջ շքերթի թեման շրջանցված էր, ինչը հետաքրքիր է, հաշվի առնելով, թե որքան է դրա նշանակությունը Պուտինի համար:

Լուկաշենկոն զանգահարել է հասկանալու համար, թե ինչ է պատասխանել Փաշինյա՞նը, թե՞ զանգահարել է նրան համոզելու համար, որ արժե ներկա լինել Մոսկվայում եւ Պուտինի առաջ դեմ առ դեմ բարձրացնել համատեղ հարցեր, օրինակ նույն գազի գնի կապակցությամբ, ինչը ՌԴ նախագահը մերժել էր շաբաթներ առաջ ԵՏՄ հեռավար Վեհաժողովի ձեւաչափում:

Ակնառու է, որ Երեւանն ու Բելառուսը մարտավարական գործակցություն են սկսել, սակայն հետաքրքիր է, կգնա՞ն նրանք ավելի հեռու՝ ռազմավարական փաստարկներ բերելով Պուտինի դեմ, օրինակ օրակարգ բերելով Իրան-Հայաստան-Վրաստան-Ուկրաինա-Բելառուս գազային հեռանկարի հարց: Ի դեպ, 2004 թվականին Ուկրաինան ու Վրաստանը առաջարկում էին Հայաստանին, իհարկե առանց Բելառուսի: Հայաստանն այն ժամանակ մերժեց, հրաժարվելով Իրանի հետ տարանցիկ տրամաչափի գազամուղ կառուցելուց:

Spread the love