Atrchanak

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  «Կենտրոն»  նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Տիգրան Հակոբյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարար համարվող Արամայիս Ջոմարդյանին Արմեն Քեյանի կազմակերպմամբ ու պատվերով սպանելու նպատակով 2013 թվականի հունվարին Հայաստանից մեկնել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք:

Սպանության իրագործման նպատակով, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը գործի քննությամբ չպարզված ժամանակահատվածում  չբացահայտված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել ու մինչև   2013 թվականի փետրվարի 25-ը ապօրինի պահել է «Մակարով» տեսակի հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ և ռազմամթերք՝ 7 հատ  9 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք օգտագործվել են փետրվարի  25-ին Դոնի Ռոստովի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ կատարված սպանության փորձի ժամանակ:

Արամայիս Ջոմարդյանին սպանելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը վերը հիշատակված՝ իր մոտ ապօրինի պահվող  ատրճանակից  կրակոցներ է արձակել Ջոմարդյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Արամայիս Ջոմարդյանն ինքնապաշտպանության նպատակով իր մոտ օրինական պահվող «WASP R» ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել Տիգրան Հակոբյանի ուղղությամբ, և Հակոբյանը դիմել է փախուստի: Հակոբյանի կրակոցներից վնասվածքներ ստացած Արամայիս Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Հակոբյանը Արմեն Քեյանի կազմակերպմամբ և նրա պատվերով Արամայիս Ջոմարդյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով,  Քեյանի հրավերով 2013 թվականի հունվար ամսին մեկնել է ՌԴ  Դոնի Ռոստով քաղաք, որտեղ Արամայիս Ջոմարդյանի սպանության շուրջ հանցավոր համաձայնության է եկել Քեյանի և Կ.  Կարապետյանի հետ։

Քեյանը, ըստ մեղադրանքի, Դոնի Ռոստովում Տիգրան Հակոբյանին աջակցել է ժամանակավոր բնակարան, բջջային հեռախոսներ և հեռախոսաքարտեր ձեռք բերելու հարցերում։ Հանցագործության կատարման համար որպես փոխադրամիջոց օգտագործելու և դեպքի վայրից անարգել հեռանալու նպատակով Քեյանը,  Կարապետյանը և Տիգրան Հակոբյանը ձեռք են բերել «ՎԱԶ-2109» մակնիշի մոխրագույն ավտոմեքենա, որը մինչև հանցագործության կատարումը  Կարապետյանը թաքցրել է իր բնակության վայրում՝ Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանի Չալտիր գյուղում:

Միաժամանակ, ըստ մեղադրանքի, Քեյանը մշակել է Արամայիս Ջոմարդյանի սպանության ծրագիրը,  յուրաքանչյուր մասնակցի վերապահվել է կոնկրետ դերակատարում։ Քեյանի կողմից մշակված ծրագրի համաձայն՝ Ջոմարդյանի սպանության անմիջական կատարողներ են հանդիսացել ինքը՝ Քեյանը և Տիգրան Հակոբյանը, իսկ Կ. Կարապետյանի պարտականությունն է եղել  Ջոմարդյանի՝ Դոնի Ռոստովի Մուրլիչևի փողոցի տանը, ինչպես նաև  Ջոմարդյանի տեղաշարժին հետևելն ու սպանության իրագործման նպատակով նրա գտնվելու վայրի մասին Քեյանին և  Հակոբյանին տեղեկացնելը:

2019 թվականի փետրվարի 25-ին Կ. Կարապետյանը տեսնելով, որ Արամայիս Ջոմարդյանն իրեն պատկանող «Լեքսուս 470» մակնիշի  ավտոմեքենան կայանել է Դոնի Ռոստովի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ և միայնակ գնացել է բանկ, ժամը 18-ն անց 40-ի սահմաններում զանգահարել է Քեյանին և հայտնել  է Ջոմարդյանի գտնվելու վայրի մասին։

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Հակոբյանը, զինված լինելով «Մակարով» տեսակի ատրճանակով, Արմեն Քեյանի հետ, որը զինված էր 9 մմ տրամաչափի, «ПМ» փամփուշտներով կրակոցներ արձակելու համար հարմարեցված հրազենով, Արամայիս Ջոմարդյանի սպանության իրագործման նպատակով ժամը 18-ն անց 45-ի սահմաններում նախապես ձեռք բերված «ՎԱԶ-2109» մակնիշի  ավտոմեքենայով ժամանել են Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ, որտեղ Տիգրան Հակոբյանը դուրս է եկել ավտոմեքենայից և սպասել Արամայիս Ջոմարդյանի ավտոմեքենայի մոտ, իսկ Արմեն Քեյանը, նպատակ ունենալով հետևել Տիգրան Հակոբյանի կողմից Արամայիս Ջոմարդյանի սպանության իրագործմանը, ինչպես նաև սպանության կատարումից հետո ապահովել Տիգրան Հակոբյանի փախուստը, սպասել է մեքենայում։

ժամը 18-ն անց 55-ի սահմաններում, երբ Արամայիս Ջոմարդյանը մոտեցել է իր «Լեքսուսին», Տիգրան Հակոբյանը նրան կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 7 կրակոց է արձակել Արամայիս Ջոմարդյանի ուղղությամբ, իսկ Ջոմարդյանն իր մոտ օրինական կերպով պահվող «WASP R»ատրճանակից ինքնապաշտպանության նպատակով պատասխան կրակոցներ է արձակել  Հակոբյանի ուղղությամբ: Տիգրան Հակոբյանը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներում։

Արմեն Քեյանը, ըստ մեղադրանքի, գտնվելով «ՎԱԶ-2109» մեքենայում, հետևել է կատարվածին և Ջոմարդյանի սպանությունն ավարտին հասցնելու նպատակով  մոտեցել է Կոզլովի փողոցի ճամփեզրին վիրավոր վիճակում կանգնած և բուժօգնության դիմելու նպատակով պատահական ավտոմեքենա կանգնեցնող  Ջոմարդյանին, իր մոտ ապօրինի պահվող հրազենից 3 կրակոց է  արձակել  Ջոմարդյանի ուղղությամբ, ապա մեքենայով դիմել է փախուստի։

Տիգրան Հակոբյանի և Արմեն Քեյանի գործողություններով, ըստ մեղադրանքի, 1968 թվականին ծնված  Արամայիս Ջոմարդյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի հրազենային երկու թափանցող վնասվածքներով՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիների վնասումով, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով։ Դրանից բացի, Արամայիս Ջոմարդյանին հասցվել են աջ դաստակի թափանցող և ձախ նախաբազկի ստորին երրորդի շոշափող հրազենային վնասվածքներ, որոնք Արամայիս Ջոմարդյանի առողջությանը պատճառել են թեթև վնաս:

Ըստ մեղադրանքի՝ Տ. Հակոբյանը, Ա. Քեյանը և Կ. Կարապետյանը Արամայիս Ջոմարդյանին դիտավորությամբ կյանքից չեն կարողացել զրկել իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ քանի որ Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց և ստացել համապատասխան բուժօգնություն։

Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձի ու ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ռուսաստանում կատարված դեպքի վերաբերյալ դատական քննությունը Հայաստանում է անցկացվում, քանի որ դեպքից հետո Տիգրան Հակոբյանը Ռուսաստանում պատասխանատվության չի ենթարկվել, նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, նա հայտնաբերվել է Հայաստանում, քրեական գործի նյութերը Ռուսաստանից ուղարկվել են Հայաստան, իսկ արարքի որակումները համապատասխանեցվել են ՀՀ օրենսդրությանը:

Այս գործով Ռուսաստանում բռնվել ու պատասխանատվության են ենթարկվել՝ սպանությունը պատվիրելու և կատարումը կազմակերպելու համար՝ Ա. Քեյանը, ինչպես նաև սպանության փորձին օժանդակած Կ. Կարապետյանը: Այս գործով կան ՌԴ-ում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր:

Տիգրան Հակոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, թե առնչություն չունի հիշյալ պատվերով սպանության փորձի հետ:

Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Նրա շահերի պաշտպան, փաստաբան Գ. Խաչիկյանը մի քանի անգամ միջնորդություններ է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոփոխելու, անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, բայց դատական ատյանները մերժել են միջնորդությունները:

Հերթական անգամ ընդհանուր իրավասության դատարանը պաշտպանի միջնորդությունը մերժել ու կալանավորումը հիմնավոր էր համարել 2020 թվականի փետրվարի 25-ին:

Դատարանի որոշումը պաշտպանը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանում:

Վերաքննիչ դատարանը 2020 թվականի ապրիլի 6-ին մերժել է  պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Վերաքննիչի կողմից որոշման կայացումից երեք օր անց պաշտպան Գ. Խաչիկյանը ընդհանուր իրավասության դատարանում ևս մեկ անգամ ներկայացրել է իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունը:

Եվ այս անգամ ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Մաթևոսյանի, 2020 թվականի ապրիլի 9-ին բավարարել է պաշտպանի միջնորդությունը, հաշվի առնելով նաև կորոնավիրուսային համավարակի ներկա պայմանները, Տիգրան Հակոբյանին ազատ է արձակել կալանքից  10 միլիոն դրամ գրավի դիմաց:

Այս անգամ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազ Ա. Մարգարյանը՝ պահանջելով անթույլատրելի ճանաչել Տիգրան Հակոբյան նկատմամբ գրավի կիրառումը:

2020 թվականի հունիսի 15-ին վերաքննիչ քրեական դատարանը՝ Ս. Մարաբյանի  նախագահությամբ, բավարարել է դատախազի բողոքը և անթույլատրելի է ճանաչել Տիգրան Հակոբյանի նկատմամբ գրավի կիրառումը:

Այս մասին ընդհանուր իրավասության դատարանի նիստում տեղեկացրեց մեղադրող դատախազ Ա. Մարգարյանը՝ նշելով, որ ինքն ունի վերաքննիչի որոշման քաղվածքը, որը նախապես էլեկտրոնային փոստով ուղարկել է նաև գործը քննող դատարանին:

Դատական այս նիստին Տիգրան Հակոբյանը դեռ ներկայացել էր որպես ազատ ամբաստանյալ:

Մեղադրող Ա. Մարգարյանը դատական նիստի ավարտին հանդես եկավ միջնորդությամբ: Դատախազը տեղեկացրեց վերաքննիչ դատարանի կայացրած որոշման մասին՝ նշելով, որ քրեական գործն ըստ էության չլուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահին՝ հունիսի 15-ին, այն ենթակա է անհապաղ կատարման, բայց դեռ չի կատարվել, այսինքն՝ Տիգրան Հակոբյանը դեռ կալանքի տակ չի առնվել:

Դատախազը հայտնեց, որ ինքը իրազեկել է նաև քրեական հետախուզության համապատասխան ծառայության պատասխանատուին, բայց արձագանք չի ստացել:

Դատախազ Ա. Մարգարյանը միջնորդեց, որ դատարանը նիստի ավարտին միջոցներ ձեռնարկի՝ Տիգրան Հակոբյանին անհապաղ արգելանքի տակ առնելու և ՔԿՀ տեղափոխելու համար:

Նախագահող դատավոր Աննա Մաթևոսյանը պահանջեց, որ մեղադրողը վկայակոչի, թե իրավական ո՞ր հիմքով պետք է ընդհանուր իրավասության դատարանը ի կատար ածի վերաքննիչ դատարանի կայացրած՝ քրեական գործն ըստ էության չլուծող դատական ակտը:

Կարճ ընդմիջումից հետո մեղադրող Ա. Մարգարյանը նշեց՝ քրեական դատավարության օրենսգրքում, այո,  հստակ նորմ նախատեսված չէ տվյալ հարցի վերաբերյալ, սակայն «գաղափարախոսությունն է այդպիսին»՝  վերաքննիչ դատարանը բավարարել է մեղադրանքի կողմի բողոքը, վերաքննիչի տվյալ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահին ու  անհապաղ ենթակա է կատարման, իսկ տվյալ պահին տվյալ գործով վարույթ իրականացնող մարմինն ընդհանուր իրավասության դատարանն է, որը և պիտի միջոցներ ձեռնարկի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման համար: «Եթե դատարանը գտնում է, որ օրենսգրքում այդպիսի կետ չկա, ուրեմն վերաքննիչի որոշումը պիտի ի կատար չածվի, թող այդպես էլ անի»,- ասաց մեղադրող Ա. Մարգարյանը:

Մեղադրողի միջնոդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելով՝ ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գ. Խաչիկյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանը օրենքով պարտավորություն չունի վերաքննիչի՝ քրեական գործն ըստ էության չլուծող դատական ակտը կատարելու համար, այն պետք է կատարվի ոստիկանության համապատասխան ծառայության կողմից: Ինչ վերաբերում է իր պաշտպանյալ Տիգրան Հակոբյանին, ապա վերջինս արգելանքից ազատվելուց հետո ապրում է իր տանը, սովորական կենցաղ է վարում և վերաքննիչի որոշման կայացումից հետո պատրաստ է այդ որոշման կատարմանը՝ նա նույնիսկ պայուսակի մեջ հավաքել է առաջին անհրաժեշտության առարկաները… Պետք է ասել, որ նիստի կարճատև ընդմիջման ընթացքում ամբաստանյալ Տիգրան Հակոբյանը դուրս էր եկել դատարանի դահլիճից: Եվ ահա պաշտպանը տեղեկացրեց, որ Հակոբյանը գնացել ու մեքենայի միջից վերցրել է հենց առաջին անհրաժեշտության առարկաներով պայուսակը, որպեսզի դատարանի կողմից համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում պատրաստ լինի հենց դատարանի դահլիճից արգելանքի տակ վերցվելու…

Դատարանը մերժեց մեղադրող Ա. Մարգարյանի միջնորդությունը՝ նշելով՝ մեղադրողը ևս համամիտ է այն իրողությանը, որ քրեական դատավարության գործող  օրենսգրքի իրավակարգավորումներով առաջին ատյանի դատարանը պարտավորություն չունի ի կատար ածելու վերաքննիչ դատարանի՝ քրեական գործն ըստ էության չլուծող դատական  ակտը, ինչպիսին է խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Նման դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և ենթակա են անհապաղ կատարման: Դատարանը փաստեց, որ դեռևս չի ստացել վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը, ստացել է միայն մեղադրողի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված՝ տվյալ որոշման քաղվածքը: Նախագահողը շեշտեց՝ դատարանը կատարում է միայն սահմանադրությամբ, օրենքով իր վրա դրված պարտականությունները, տվյալ դեպքում վերաքննիչ դատարանի՝ քրեական գործն ըստ էության չլուծող դատական ակտի կատարման պարտականություն առաջին  ատյանի դատարանը չունի:

Մեղադրողը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ կարող է բազմաթիվ օրինակներ բերել, երբ դատարանը ողջամտությունից ելնելով՝ կատարում է օրենքով չնախատեսված գործողություններ, օրինակ՝ դատախազներին դատական նիստի մասին ծանուցում է հեռախոսազանգով:

Նախագահողը նշեց, որ մեղադրողի բերած օրինակը անհամեմատելի է մարդուն ազատությունից զրկելու որոշումն ի կատար ածելու հետ…

Դատարանը այս գործով դեռ ապացույցների հետազոտման փուլում է: Նիստի սկզբում մեղադրանքի կողմը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունից ստացված իրեղեն ապացույցների փաթեթ՝ դա ռուսալեզու փաստաթղթերի փաթեթ էր: Փաստաթղթերը օտարալեզու էին, հետևաբար դատարանը դրանք չէր կարող հրապարակել: Նախագահողը տեղեկացրեց, որ մայիսի 21-ին դատարանը ՌԴ-ից ևս մի փաթեթ իրեղեն ապացույցներ՝ փաստաթղթեր է ստացել: Փաստաթղթերի երկու փաթեթները կուղարկվեն գրավոր թարգմանության: Նախագահողը տեղեկացրեց նաև, որ դատարանում բանավոր թարգմանության իրականացման հարցը… դեռև կարգավորված չէ… Այդ հարցի կարգավորումից հետո քննարկման առարկա կդարձվի նաև ՌԴ-ից ուղարկված ռուսալեզու  իրեղեն ապացույցները թարգմանչի մասնակցությամբ դատական նիստում հետազոտելու հարցը:

Դատական նիստերի ընթացքում համաժամանակյա որակյալ թարգմանության ապահովման հարցը սրվել է այս տարվա սկզբից:  Ստացվում է, որ հարցը դեռևս լիարժեք կարգավորում չի ստացել, իսկ դա դատական քննության ձգձգումների բավական լուրջ պատճառ է, որը վերացնելու ուղղությամբ բավարար աշխատանք ամիսներ ի վեր չի կատարվել: