mayrughi

Ծայրահեղ լարված իրավիճակ ու վիճաբանություն է Արմավիրի մարզի «Մեյմանդար»-ի շուկայում: Պարետի որոշմամբ՝ շուկան այսօր չէր աշխատելու, բայց գյուղմթերք վաճառողները ընդդիմացել ու աղմուկ-աղաղակով ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց:

Շուկան 24 ժամով փակվելու է ախտահանման նպատակով, իսկ առեւտրականները նշում են, որ այդ 24 ժամը իրենց տնտեսությանը հսկայական վնաս կարող է պատճառել, ոմանց էլ՝ զրկել օվա հացի փողից: Նրանց կարծիքով՝ առանց փակելու էլ կարելի էր ախտահանել, մարդկանց էլ փողոց չշպրտել:

«Երկու ուսանող ունեմ, եկել եմ էստեղ ու իմ երկու ուսանողներին փրկել եմ: Ինչի՞ համար է փակում»,- լացակումած ասում է տարեց մի պապիկ, որն արդեն երկու տարի է՝ իր ապրանքն այդ շուկայում է վաճառում: Մարդիկ նշում են, որ միլիոններով գազի գումար են տվել, վարկեր ունեն, իրենց համար ամեն մի ժամն է ճակատագրական: Այսօր ապրանքը տեղ են հասցրել, թույլ չեն տալիս վաճառել, չգիտեն՝ դա ինչ անել. «Ի՞նչ անենք, թափե՞նք ապրանքը, թափենք, գնանք մեռնե՞նք»:

Նշեցին, որ տարբերակ կա շուկան ախտահանելու: Հնարավոր է կեսը տեղափոխել մի կողմ, ախտահանել, ապրանքը տեղափոխել այդտեղ, ապա՝ մյուս կեսը, որ մարդիկ այդքան մթերքը ստիպված չլինեն թափել, քանի որ մի քանի ժամ էլ եթե չվաճառեն, ապա այն արդեն պիտանի չի լինի:

«300 կգ վարունգը քաղած, հայաթում թափված է, չեմ կարողանում գնալ բերել: Վարկով եմ դա արել, հիմա վաղը կզանգեն կասեն՝ վարկի տոկոսը մուծի, երեխեքիդ ուսման վարձը մուծի, ինչո՞վ, եթե թույլ չեն տալիս մեր հալալ քրտինքով ապրենք»,- ասաց առեւտրական տղամարդկանցից մեկը: Նրանք բողոքում են, թե ինչո՞ւ է հենց մայիսի 30-ին որոշվել, որ կորոնավիրուս կա այդ շրջանում: «Տվյալ մարդը, որն ասել է՝ 24 ժամով շուկան փակեք, ապրանքիս փողը տալո՞ւ է»,- բղավում էր առեւտրականաներից մեկը:

Հիշեցնենք՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները մայիսի 30-ին մշտադիտարկում էին անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում: Շուկաներից մի քանիսում հայնաբերվել էին խախտումներ, որոնց թվում նաեւ Արմավիրի մարզի «Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չէին կրել դիմակներ:

Խախտումները հիմնականում եղել են հետևյալ բնույթի՝ աշխատակիցները, ինչպես նաեւ շուկաներում մթերք վաճառողները, չեն կրել ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման եւ ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։

Խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն, որն էլ կայացրել է վերոնշյալ որոշումը:

Spread the love