ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ ամբիոնից արված իր հայտարարությամբ անդրադարձավ Ադրբեջանի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարություններին։

«Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ըստ էության խոստովանել է, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից։ Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ական թվականներին, 2016 թվականին, այնպես էլ ցանկացած այլ պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լիելու է առավել քան համարժեք ու ուժգին»,- ասաց Մակունցը։

Նա նշեց, որ հայկական կողմից կարևոր խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, որովհետև Ադրբեջանը պարբերաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը, այն է՝ ուժի և ուժի կիրառման բացառման սկզբունքը։

«Իմ համոզմամբ՝ միջազգային հանրությունը, առավել ևս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների նկատմամբ։ Անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերն ու հանգեցնել նոր էսկալյացիայի տարածաշրջանում, կրկնում եմ՝ ուժգին պատասխան է ստանալու և աղետալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին հենց Ադրբեջանի համար»,- հայտարարեց Մակունցը։

Spread the love