hivandanoc

Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն քննադատությանը, թե ինչու նախարարությունը չի օգտագործում «Նաիրի» ԲԿ-ի ռեսուրսը:

«Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս գործընթացում՝ հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ: Առողջապահությունը միայն կորոնավիրուսով չէ, որ զբաղվում է, այլ զբաղվում է մյուս բոլոր հիվանդություններով: Որոշում է կայացվել, որ «Նաիրի»-ն չի մասնակցելու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, դա ճիշտ որոշում է եղել, որն ուժի մեջ է»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի օգտագործվում թիվ 1 համալսարանական կլինիկայի մահճակալային ֆոնդը, Թորոսյանը նշեց, որ այդ ֆոնդի մահճակալների թիվը մեծ չէ:

«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2 200 մահճակալի միջից, կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է, և ոչ մի անձնական ամբիցիա չկա ու չի կարող լինել»,- նշեց նախարարը: