Hrant Bagratyan

Հրանտ Բագրատյանի նյարդային հարցազրույցի այս հատվածը մեծ աղմուկ է հանել: Բագրատյանը, ամենասեւ գույներով նկարագրելով Հայաստանի իրավիճակն ու Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, ասել է, որ եթե ինքը լիներ Ալիեւի տեղը՝ հիմա էլ կհարձակվեր Հայաստանի վրա: Մինչ այդ, նա պատերազմ գուշակեց աշնանը, բայց ասաց, որ Ալիեւի տեղը լիներ՝ հիմա կհարձակվեր:

Հայաստանի ներկայիս «ընդդիմությունը» խոշոր հաշվով «Ալիեւի տեղն է» օրը 24-ժամյա ռեժիմում: Սկսած նրանից, որ Արցախի եւ այլ հարցերում անվերապահորեն հավատում են Լավրովի ու Ալիեւի հայտարարություններին, վերջացրած Հայաստանի մոտալուտ կործանման բանդագուշանքներով: Այստեղ բնականաբար գաղափարական-սկզբունքային որեւէ բաղադրիչ գոյություն չունի, այլ ամեն ինչ ենթարկված է ատելությանն ու վրեժխնդրությանը:

Հայաստանում, որտեղ հասարակական-քաղաքական-քարոզչական դաշտը դեգրադացված է եւ ենթարկված արտաքին ազդեցության, ընդդիմադիր պայքարի ու հակապետական գործունեության միջեւ սահմանը խիստ հեղհեղուկ է ու նուրբ: Ալիեւին ու Մոսկվային պարբերաբար հղում անող ու մատնագրեր անող շրջանակները չեն էլ նկատում, թե ինչպես են երբեմն անցնում այդ սահմանը:

Հայաստանի կառավարությունը ձախողվել է բազմաթիվ ոլորտներում ու խնդիրներում եւ ըստ էության բաց թողել դրանց կարգավորման «կրիտիկական ժամանակը»: Դա է պատճառը, որ հիմա ամեն ինչ գնում է իներցիայի տրամաբանությամբ, որն առաջընթաց ու զարգացում չէ եւ ավելին՝ երկիրը մղում է անցյալի ճահիճը: Եվ նաեւ դա է պատճառը, որ այդ ճահճում տեղի է ունենում այն, ինչը սպառիչ մարմնավորեց Հրանտ Բագրատյանը հայելու առաջ:

Ալիեւը դեռ չի պատասխանել Հրանտ Բագրատյանի համացանցային «հիթ» դարձած արտահայտությանը: Կասկած չկա, որ Բագրատյանը միայն հայրենասիրությունից դրդված է ասել, թե «ես Ալիեւի տեղը լինեի, կհարձակվեի» կորոնավիրուսից տառապող Հայաստանի վրա: Նախկին վարչապետը ուզել է ասի, որ Հայաստանում անարդյունավետ կառավարումը երկիրը դարձնում է խոցելի: Ասածն այլ բան չէ, պարզապես ձեւակերպված է խիստ անհաջող, թերեւս մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Ալիեւը հնարավոր է այդպես էլ չպատասխանի Բագրատյանին, շփոթության մեջ հայտնվելով նրա նախկին այլ հայտարարությունների համադրման հետեւանքով: Որովհետեւ Հայաստանի նախկին վարչապետը նախկինում էլ խոսել է միջուկային զենքի առկայության մասին:

Ալիեւը լսելով Բագրատյանին` մտածելու է՝ սա երեւի ծուղակ է, Բագրատյանը սադրում է ինձ, որպեսզի ես հարձակվեմ, ու հայերը ինձ տեղնուտեղը հակահարված հասցնեն միջուկային զենքով:

Մեծ է հավանականությունը, որ Ալիեւն ընդհանրապես այդքան հիմար չի գտնվի ու չի հարձակվի: Իհարկե, ոչ թե միջուկային զենքի վախից, այլ որովհետեւ հարձակումը ռեգիոնի համար կունենա միջուկային աղետի հետեւանք: Որեւէ նոր ագրեսիա չի լինելու լոկալ, եւ անգամ հայ-ադրբեջանական չի լինելու: Որեւէ պատերազմական գործողություն վերածվելու է ռեգիոնալ մեծ բախման, որտեղ առաջինը զոհաբերելու են Ալիեւին:

Ալիեւը դա թերեւս լավ է պատկերացնում: Հակառակ պարագայում նա հրադադար չէր խնդրի 2016-ի ապրիլին: Նրա համար մարդկային կյանքը գին չունի, նա մտածում է լոկ իր կյանքի համար: Ըստ այդմ, եթե նա ընտրել է մահապարտի ուղին, ապա նա կսկսի պատերազմ, բայց դարձյալ՝ լսելով ոչ թե Բագրատյանին, այլ, օրինակ՝ Էրդողանին: Կամ չունենալով Էրդողանին չլսելու հնարավորություն:

Բայց այդ հնարավորությունը նա կարծես թե ունի, եւ այդ հարցում նրան օգնում է Ռուսաստանը, որն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում եւ Լիբիայում: Միաժամանակ, ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ հայ-ռուսական տնտեսա-քաղաքական խնդիրները չպետք է որեւէ մեկին «շփոթության» մատնեն ռազմա-տեխնիկական, անվտանգային հարցում՝ այստեղ չկա որեւէ խնդիր:

Ռուսաստանն էլ անշուշտ պատկերացնում է, որ Ալիեւը լինելու է պատերազմի ֆիզիկական մահապարտը, իսկ Ռուսաստանը տանուլ է տալու ռազմա-քաղաքական առումով, եթե սանձազերծվի ռեգիոնալ աղետ:

Հրանտ Բագրատյանը մէգաէկոնոմիկայի մասնագետ է, եւ Ալիեւը թերեւս լսել է այդ մասին, ըստ այդմ նա հազիվ թե մեգաքաղաքականության հարցերում վստահի Հայաստանի նախկին վարչապետի պատկերացումներին:

Իհարկե, Ալիեւի մահապարտության կանխավարկածը անտեսել պետք չէ, բայց այդ առումով էլ հայկական բանակը թե Բագրատյանին չի լսում, թե Ալիեւին: Հայկական բանակը անկասկած պատկերացնում է քաղաքական իրադրության նրբերանգները եւ մշտապես պատրաստ է ամենատարբեր սցենարային զարգացման, չվարանելով իր անելիքի հարցում: Դրա վկայությունը նախօրեին Նախիջեւանի սահմանակից դիրքերից տարածված տեսանյութն էր:

Spread the love