Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը կարծում է, որ բանկային համակարգում տիրող անբարենպաստ իրավիճակը վերացնելու համար լուրջ ռեֆորմների անհրաժեշտություն կա։

Վերջին շրջանում քաղաքացիների, գործարարների շրջանում մեծ է դժգոհությունը, որ բանկերը վարկեր չեն տրամադրում։ Զրուցել ենք տարբեր համայնքների բնակիչների, ղեկավարների հետ, ովքեր հաստատել են, որ գյուղվարկերի տրամադրման գործընթացում բանկերի կողմից նկատվում է կամայական մոտեցում։ Բանկային համակարգի նման գործելաոճը Կենտրոնական բանկը բացատրում է հետևյալ կերպ․

«Բանկերը վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումները կայացնում են ինքնուրույն՝ ելնելով իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգավորումներից և հաշվի առնելով կոնկրետ հաճախորդի կողմից վարկը վերադարձնելու հետ կապված ռիսկերը, ինչն արտահայտվում է ոչ միայն լավ կամ վատ վարկային պատմություն ունենալու, այլ նաև անձի վարկային պարտավորություններով ծանրաբեռնվածության աստիճանը, եկամուտների չափը և այլ հանգամանքներ կամ գործոններ: Նշվածի հիման վրա էլ ցանկանում ենք նշել, որ որևէ կազմակերպության կողմից վարկի տրամադրումը մերժելու փաստը դեռևս չի բացառում այլ վարկատու կազմակերպությունից վարկ ստանալու հնարավորությունը»։

Տնտեսագետը գտնում է, որ այսօր բանկերը սպասարկում են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ֆինանսական միջոցները։ «Բանկերը դարձել են սոսկ լոմբարդներ, որոնք փոխանակ փող փնտրելու իրական հատվածում ծրագիր իրականացնելու համար, դարձել են փող տվողներ՝ բարձր տոկոսադրույքներով, ու թանկ ծառայություններ մատուցելով՝ կամայական չգրավադրվող սակագներով։ Աբսուրդն հասել է նրան, որ պետական տուրքի կամ վճար կատարելու համար գրեթե նույն չափի վճարումներ պետք է կատարվի բանկային ծառայությունների համար»,- ասաց Մովսես Արիստակեսյանը։

Ըստ տնտեսագետի՝ բանկերը անուղղակիորեն խթանում են սոցիալական վարկերը՝ դրանով ՀՀ քաղաքացիներին դնելով ծանր դրության մեջ, նրանց միջոցներն ուղղված չեն տնտեսության զարգացմանը։ «Ընդ որում՝ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված հակակորոնավիրուսային ճգնաժամային ծրագրերն էլ ուղղված են ոչ այնքան տնտեսության զարգացմանը, որքան բանկային համակարգին երաշխավորված եկամուտների ապահովմանը»,- համոզված է տնտեսագետը։ Մովսես Արիստակեսյանը խիստ անհրաժեշտություն է համարում նաև Կենտրոնական բանկի օպտիմալացման գործընթացը։
Spread the love