Gagik Carukyan

ԲՀԿ և նրա նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը հանրային քննարկումներում ընթանում է հավի և ձվի պատմության տրամաբանությամբ:

Այսինքն՝ նախ եղել է քրեական գործը, և Գագիկ Ծառուկյանը հենց այդ մասին իմանալո՞վ է անցել քաղաքական կոշտ հայտարարությունների և հրաժարականի պահանջի, թե՞ հրաժարականի պահանջին են հաջորդել գործերը: Ծառուկյանն ու համակիրները պնդում են, որ պատճառը հրաժարականն է և հետապնդումը քաղաքական, այսինքն՝ նախ եղել է հրաժարականի պահանջը, իսկ կառավարող մեծամասնությունը պնդում է, որ նախ եղել են քրեական գործերը, հետո Ծառուկյանն իմացել է այդ մասին և սկսել պահանջել հրաժարական, որպեսզի տա քաղաքական հետապնդման աստառ:

Ո՞վ է իրավացի: Այն, որ քրեական գործերը մեկ օրում չէ, որ եղել են, և այն, որ Ծառուկյանի տան խուզարկությունն իրականացվել է բավականաչափ նյութեր պատրաստելով՝ այլապես հազիվ թե ԱԱԾ-ն գնար այնտեղ, այսպես ասած, կույր փնտրտուքի կամ խուզարկության, թերևս անկասկած է:

Ի վերջո, Ծառուկյանի կարգավիճակը հաշվի առնելով, նրա տան խուզարկությունը չափազանց հնչեղ է այսպես ասած՝ կուրորեն գնալու և ոչինչ չհայտնաբերելով դուրս գալու համար: Այլ հարց է, որ եղածը գործի է դրվել այն բանից հետո, երբ Ծառուկյանն անցել է արմատական տրամադրության և մտադրության դաշտ: Ըստ այդմ, ինչպես Ծառուկյանը կարող էր տեղեկանալ իշխանության իրավական ծրագրերի մասին և գնալ քաղաքական պաշտպանության, այնպես էլ միանգամայն հնարավոր է, որ իշխանությունը վաղօրոք տեղեկանար Ծառուկյանի քաղաքական շփումների մասին և գնար դրանց իրավա-ուժային հակադարձում նախապատրաստելու: Այստեղ գալիս է թերևս կարևոր հարցը՝ ինչո՞ւ պետք է իշխանությունը գնար այդպիսի կոշտ պատասխանի, որը ակնհայտորեն շոշափում է ոչ միայն իրավաքաղաքական, այլ նաև բարոյական, արժեհամակարգային ասպեկտներ՝ կապված Ծառուկյանի և նրա կուսակիցների փոխհարաբերության հետ, հայտնի թղթերի տեսքով, որ փաստորեն նրբորեն հրապարակվեց խուզարկությունից հետո: Դա թույլ է տալիս խոսել այն մասին, որ խնդիրը զուտ քրեաիրավական հարաբերությունների դաշտում չէ, որը Ծառուկյանը փորձում է վերածել քաղաքականի:

Խնդիրը իսկապես քաղաքականի, և փաստորեն նույնիսկ քաղաքակրթականի դաշտում է, կամա, թե ակամա: Քրեաիրավական տիրույթը պարզապես գործիքակազմի մաս է կամ, թերևս, բացառիկ գործիքակազմ, որովհետև մյուսը, որ տնօրինում է կառավարող ներկայիս մեծամասնությունը քաղաքական գործընթացների առումով, թերևս, հանրային ռեսուրսն է: Բայց տարօրինակ կլիներ, եթե հանրային ռեսուրսով կառավարման մանդատ ստացած ուժը փորձեր այդօրինակ հարցեր լուծել նույն հանրությանը միջոցով, ոչ թե այն լծակների և հնարավորությունների, որ տալիս է նրանց կառավարման մանդատը: Իսկ բանն այն է, որ Հայաստանի նախկին համակարգի ներկայացուցիչ ուժերի դեմ այլ գործուն միջոց, քան քրեաիրավական և արժեբարոյական ասպեկտները, չկա: Պատճառն այն է, որ այդ համակարգն իր երբեմնի ուժը ստացել և ձևավորվել է հենց այդ դաշտերը, այսպես ասած, տրորելով, հետևաբար՝ դրանցով է անցնում ճանապարհը, որ տանում է դեպի այդ համակարգ խնդիրները լուծելու համար, եթե համակարգը ինքը ոչ թե ընդառաջ է գալիս, այլ գնում է դիմադրության ճանապարհով: