Այսօր շատերն են խոսում այն մասին, որ նախկինները, հասկանալով հանրության վերաբերմունքն իրենց նկատմամբ, պիտի անպայման փորձեն վերադառնալ «նոր դեմքերով» կամ «նոր փաթեթավորմամբ»։

Իրականում խնդիրը, իհարկե, դեմքերը չեն։ Խնդիրը պետական կառավարման այն համակարգն է, որը փորձ է արվում վերականգնել, ու բացարձակապես որեւէ նշանակություն չունի՝ այդ պայքարի առաջնագծում նախկին իշխանությունների առանցքային դեմքե՞րը կլինեն, թե՞ ներկայանալի արտաքինով ու կիրթ խոսող երիտասարդներ։

Իսկ ինչպիսի՞ պետություն էր Հայաստանն ընդամենը մի քանի տարի առաջ։ Մեծ հաշվով Հայաստանում ֆեոդալական կարգեր էին՝ պետական կապիտալիզմի ու ժողովրդավարության առանձին տարրերի համակցությամբ, եւ սա ամենեւին չափազանցություն չէ։ Երկրի գրեթե բոլոր մարզերն ունեին իրենց «ֆեոդալները». Կոտայքն իր «ֆեոդալն» ուներ, Սյունիքն ու Շիրակը՝ իրենցը, Արարատյան դաշտում, օրինակ, միանգամից երկու «ֆեոդալ» կար (Արարատի մարզում՝ Հովիկ Աբրահամյանը, Արմավիրի մարզում՝ գեներալ Մանվելը), Երեւանի առանձին թաղամասեր էլ իրենց «ֆեոդալներն» ունեին, իսկ ահա գլխավոր «ֆեոդալն» իր առանձին մարզը չուներ, բայց վերահսկում էր բոլորին ու ցանկացած մարզում կարող էր վերցնել իրեն դուր եկած ցանկացած բան։ Այդ «ֆեոդալներն» էլ, ի դեպ, հենց ապահովում էին «թագավորի» ընտրությունը իրենց հպատակների միջոցով, իսկ եթե ժողովուրդն ըմբոստանում էր, իրենց կիսալեգալ «գվարդիաներով» ճնշում էին ըմբոստության ծիլերը։ «Թագավորն» իր հերթին ուշադիր հետեւում էր, որ «ֆեոդալներից» մեկնումեկը հանկարծ շատ չհզորանա ու ինքնուրույնություն չցուցաբերի, իսկ եթե նման փորձեր, այնուամենայնիվ, լինում էին, կա՛մ «բամփում էր գլխին», կա՛մ ոստիկանապետն էր հայտարարում, թե ժամանակն է, որ այսինչ մարզը միացվի Հայաստանին, կամ շատ արագ քրեական գործեր էին հարուցվում, եւ այդպիսով վասալական համակարգը մի կերպ պահպանվում էր։ Ընդ որում, այդ համակարգը վասալներին նույնպես ձեռնտու էր։ Ու դա էր հիմնական պատճառը, որ Ազատության հրապարակից հնչող «Մանվե՛լ, Մանվե՛լ» վանկարկումներն անպատասխան էին մնում, իսկ «ամենահզոր ֆեոդալներից» մեկի հետ համագործակցելով՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու ծրագրերն արդյունք չէին տալիս։ Որպես ի՞նչ պիտի ֆեոդալները պայքարեին հանուն ֆեոդալական կարգերի վերացման։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, հենց ֆեոդալիզմի մնացուկների իսպառ վերացման գործընթացն է։ Ու դա, բնականաբար, շատերի համար բավականին ցավոտ է։ Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ նախ՝ «ֆեոդալները» դեռեւս բավականին հզոր են, եւ երկրորդ՝ «ֆեոդալական կարգերը» տասնյակ հազարավոր հպատակների համար թեեւ երբեմն նվաստացուցիչ, բայց համեմատաբար կայուն սոցիալական միջավայր էին ապահովում։ Այսօր շատերը կարող են դժգոհ լինել, որ նոր իշխանություններն այնքան էլ սահուն չեն իրականացնում այդ անցումը, որ անփորձ են, որ «բուրժուադեմոկրատական հանրապետությունում» յուրաքանչյուրի բարեկեցությունն ավելի շատ կախված է անձամբ իր որակներից, մինչդեռ նախկինում գրեթե ամեն ինչ պայմանավորված էր իր «ֆեոդալի» բարեհաճությամբ, եւ այլն։ Բայց սրանք, համաձայնվեք, չափազանց թույլ փաստարկներ են, որպեսզի հասարակությանը հնարավոր լինի համոզել վերադառնալ ֆեոդալական կարգերին, որքան էլ ժողովուրդը դժգոհ լինի բարեփոխումների տեմպերից ու որակից, որքան էլ ներքաղաքական թեժ պայքար լինի, միեւնույն է, այդ պայքարում ո՛չ նախկին «ֆեոդալները» որեւէ շանս ունեն, ո՛չ էլ՝ նրանց կողմից հովանավորվող «նոր դեմքերը»։

Որովհետեւ երբ ասվում է, որ նախկինին վերադարձ չի լինելու, խոսքը ոչ միայն նախկին իշխանությունների մասին է, այլեւ նախկին կարգերի ու պետական կառավարման նախկին համակարգի։