Bzhishk

Հայաստանում կորոնավիրուսից գրանցված մահերից խուճապի մատնվել չի կարելի, պետք է զգուշանալ ու վախենալ խելամտության սահմաններում։

Այս մասին  Covid-19-ի մասին մասնագիտական քննարկման ժամանակ ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։

Ըստ նրա՝ կորոնավիրուսի ժամանակ մենք հստակ պետք է տարբերակենք մահաբերության և մահացության ցուցանիշները։ Այսօրվա դրությամբ մեզ մոտ մահաբերության ցուցանիշը աճում է, բայց դեռ խայտառակ չէ։ «11 հազար վարակվածներից մոտավորապես 170 մահը դա մոտավորապես 1,5-1,6 տոկոսն է կազմում, որը միջին համաշխարհային ցուցանիշից կրկնակի, եռակի ավելի ցածր է։ Իսկ մահացության առումով, եթե մենք հաշվում ենք 3 մլն բնակչի հաշվով, այսօրվա դրությամբ դա կազմում է 1 մլն-ի հաշվարվով մոտավորապես 55, որը մեր տարեկան ընդհանուր մահացության ցուցանիշի 4-5 տոկոսն է»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ մահացության թվաբանությունը դեռ կարող է կտրուկ փոփոխվել, հետևաբար դժվար է գնահատական տալ։ «Այստեղ շատ կարևոր հարց կա՝ ինչպե՞ս ենք մենք գրանցում մեր մահվան պատճառները։ Չնայած ԱՀԿ-ն տվել է շատ ստույգ ցուցումներ, ինչպես գրանցել մահացությունը և որպես մահվան պատճառ covid-ը, բայց երկրների մեջ կա շատ մեծ տարբերություն։ Օրինակ՝ Օմանում ընդամենը մոտ 40 մահացած մարդ կա covid-ից, իսկ Բելգիայում՝ մոտ 9000՝ նույն քանակությամբ հիվանդացածներից։ Դա նշանակում է, որ Բելգիայի առողջապահությունը 250 անգամ ավելի վա՞տ է կարողանում խնամել ու բուժել հիվանդներին, քան Օմանի ու Քուվեյթի բժիշկները, ինչին ես, կներեք, չեմ կարող հավատալ։ Այստեղ խոսքը գնում է գրանցման մոտեցումների մեծ տարբերության մասին, դրա համար ես մեր թվերը դեռ կփորձեի զգույշ գնահատել», ասաց նա։

Spread the love