ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ վաղ է համարում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թվերի անկման մասին խոսելը:

«Դեռ վաղ է խոսել անկման մասին: Մենք օրեր ենք ունեցել, որ 700-ից ավելի հաստատված դեպք է արձանագրվել, այսօր էլ 600-ից ավելի նոր դեպք ունենք, ինչը, սակայն, ցածր թիվ չէ մեր նման հզորություններ ունեցող երկրի համար: Մեր գործողությունները պետք է էլ ավելի ինտենսիվորեն շարունակվեն հենց թվերի զսպման ուղղությամբ: Հարցը լուծելու է միայն կոլեկտիվ վարքագծով թվերի զսպումը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ արձանագրված ընդհանուր 15 հազար դեպքին Հայաստանը նախնական հաշվարկով պետք է հասներ հունիսի 9-ին, սակայն սա չի նշանակում, որ թվերը փոքր են:

«Թվերի աճմանը զուգահեռ ավելանում են նաև ծայրահեղ ծանր դեպքերն ու ծանր դեպքերը: Ծայրահեղ ծանր դեպքերի ու ծանր դեպքերի մահացության տոկոսը շատ մեծ է, մեծ թվերը բերում են մեծ մահացության, և բոլոր գործողությունները պետք է ուղղվեն թվերի զսպմանը, ոչ թե միայն հզորությունների ավելացմանը»,- նշեց նախարարը: