Երեկվա դրությամբ Հայաստանում արձանագրվել է մինչև օրս արձանագարված կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ թիվը՝ 697 դեպք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11000-ի շեմը։ Արձանագրվել է նաև վեց մահվան դեպք՝ մահերի գումարային թիվը հասնելով 176։

«Կարող եմ ասել, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես նույն շրջանակներում է՝ ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի և թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ կամ  մի վտանգավոր տենդենց, որ դարձյալ դեպքեր են արձանագրվում տարբեր արտադրական կոլեկտիվներում։ Իսկ հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում։ Հետևաբար, ըստ նախարարի, շատ կարևոր է հենց արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնների պահպանումը։

«Լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը։ Օրինակ բերեմ՝ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի։ Եվ մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա։ Եվ շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ պրոցեսը կազմակերպել, ինչպես մինչև օրս եղել է, այսինքն՝ որևէ մեկին չենք թողել առանց բուժօգնության։ Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել»,- ասաց Թորոսյանը։

Spread the love