Արձանագրենք, որ հունիսի 14-ի իրողությունները Հայաստանի ներքաղաքական կյանքում կամ, այսպես ասած, ներքաղաքական կյանքում փոխում են ստատուս-քվոն՝ անկախ հետագա զարգացման տրամաբանությունից:

Եթե Ծառուկյանն, ինչպես ինքն է ասում՝ գնում է մինչև վերջ, ապա դա ստեղծում է նոր ստատուս-քվո, եթե չի գնում, ապա դարձյալ չի մնում հինը, և առաջանում է նոր իրողություն: Մի դեպքում ստատուս-քվոյի առանցք է դառնում Ծառուկյանը, մի դեպքում նոր ստատուս-քվոն աչքի է ընկնում նրա թողած վակուումով, որը պետք է լցնեն այլ ուժեր:

Միևնույն ժամանակ, ինչ խնդիր է դնում քաղաքական մեծամասնությունը, ո՞ր ճանապարհով զարգացնել իրավիճակը, ո՞րն է նախընտրելի՝ Ծառուկյանի գլխին կախե՞լ դամոկլյան սուրը, բայց դարձնել առանցք, թե՞ սուրն իջեցնել մինչև վերջ և ստեղծել որոշակի տարածություն, բացելով դաշտը այլ ուժերի համար: Որո՞նք կկարողանան զբաղեցնել այդ դաշտը: Ըստ ամենայնի, նախկին համակարգը ներկայացնող ուժեր, քանի որ հազիվ թե Ծառուկյանի բաց թողած դաշտը գրավիչ կամ լիկվիդային լինի այլ ուղղություն ունեցող քաղաքական միավորների համար:

Ըստ այդմ, քաղաքական մեծամասնությունը կտա՞ տարածություն այդ միավորների համար, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, կամ Արթուր Վանեցյանի: Այդ դեպքում նրանք կարող են առավելություն ստանալ ՀՀԿ նկատմամբ, որի դիրքորոշումը այս դեպքում բավականին խոսուն է գոնե առայժմ եղած լռության մեջ: Թեև ՀՀԿ-ական առանձին անհատներ արտահայտվել են՝ դե չէր լինի չարտահայտվել, այդուհանդերձ, ՀՀԿ պաշտոնական արձագանք գոնե առայժմ չկա, և առաջին թեժ պահերին արձագանքի բացակայությունն է խոսուն, որովհետև կրքերը հանդարտվելուց հետո որևէ հայտարարություն լինելը ավելի շատ ունենալու է հերթապահության իմաստային հաղորդագրություն: Այդ տեսանկյունից, կարո՞ղ է արդյոք ԲՀԿ շուրջ ստեղծված իրողությունը իր մեջ պարունակել ՀՀԿ-ին նախկին համակարգի շրջանակում մրցակցային աշխուժության մղելու հաշվարկ, որ անում է Նիկոլ Փաշինյանը, ինչը խորքային առումով կարող է նշանակել նաև հայաստանյան, այսպես ասած, ներքին կյանքում եվրոպական ուղղության աշխուժացում՝ հաշվի առնելով այն, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն գործնականում եզակի ուժ է այդ դաշտում դիրքավորվելու տեսանկյունից: