Հունիսի 1-ին կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկացնելուց հետո, հունիսի 8-ին վարչապետ Փաշինյանը հանրությանը հայտնեց կորոնավիրուսից բուժված լինելու եւ լիարժեք աշխատանքի վերադառնալու մասին:

Ընդ որում, վերադարձը ոչ միայն լիարժեք էր, այլ թերեւս փոթորկալից: Համենայն դեպս, վերադառնալով աշխատանքի, վարչապետ Փաշինյանը պաշտոնանկ արեց ուժային բլոկի երեք նշանակալի պաշտոնյաների՝ ԱԱԾ պետ, ոստիկանության պետ, ԶՈՒ ԳՇ պետ:

Ընդ որում, ԳՇ պետի պարագայում կարծես թե կա պատճառ՝ արտակարգ դրության կանոնի խախտում եւ որդու հարսանիքի կազմակերպում: Բայց, դատելով դրա վերաբերյալ աղմուկին նրա արձագանքից, Արտակ Դավթյանն ըստ ամենայնի սպասել է պաշտոնանկության, ինչի համար էլ որոշել է չկանգնել եւ գնացել է ակնհայտ խախտման՝ միեւնույն է չէր մնալու պաշտոնին: Դա իհարկե տպավորություն է:

Բայց կասկածից վեր է, որ ուժային երեք առանցքային դեմք փոխելով տպավորություն է գործում նաեւ վարչապետ Փաշինյանը, այսպես ասած իրականացնելով տպավորիչ վերադարձ կորոնավիրուսից:

Մինչ այդ, հանրության վրա բավականին մեծ տպավորություն էր թողել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն իր հերթին կարծես թե փորձում էր իրականացնել տպավորիչ վերադարձ այն համակարգի շրջանակ, որի կազմում էր մինչեւ թավշյա հեղափոխությունը: Գագիկ Ծառուկյանը միացավ վարչապետի պաշտոնանկության օրակարգին եւ հայտարարեց, որ նախկինում կառավարության 97 տոկոսի հրաժարական էր պահանջում, այժմ՝ 100 տոկոսի:

ԲՀԿ նախագահն իհարկե խոհեմաբար չտվեց վարչապետի անունը, թեեւ վարչապետը կառավարության մաս է ըստ Սահմանադրության, այսինքն 100 տոկոսի մաս: Բայց ԲՀԿ նախագահն ըստ երեւույթին քաղել է նախկինի կարեւոր դասը, չգնալով կամուրջներն ամբողջապես այրելու ճանապարհով: Ավելին, հնարավոր է, որ ԲՀԿ նախագահն ընդհանրապես չի էլ գնացել նախկին համակարգ վերադարձի ճանապարհով, այլ կատարել է իր հետհեղափոխական հերթական գործառույթը, ինչպես 2018-ի հոկտեմբերի 2-ին, երբ միանալով ՀՀԿ-ին՝ փաստացի բացեց խաղն ու խթանեց արտահերթ ընտրության արագացում:

Այժմ էլ, անելով կառավարության հրաժարականի մասին հայտարարություն, Գագիկ Ծառուկյանը գործնականում արեց «Հոկտեմբերի երկու-2»՝ ստեղծել Նիկոլ Փաշինյանի վերադարձի մթնոլորտ, ուժային բլոկի խոշոր փոփոխությամբ:

Փաշինյանը այդ բլոկից սպասել է «դավադրությու՞ն»: Ամենեւին: Հայաստանը ցույց է տվել հեղափոխության ուժը, քանի դեռ չկա հեղափոխության արդյունավետությունը համակարգային ուժի վերածելու ունակ արդյունք: Այդ ուժի ցուցադրությունը եղել է արտաքին սպառման համար: Այն, ինչ կատարվում է ներկայում Հայաստանում, ընդամենը համաշխարհային իրադրության արտացոլումն է, մասնավորապես ռուսական տնտեսա-քաղաքական վերնախավի խնդիրների տեսքով: Այդ վերնախավն ունի աշխարհակարգային լրջագույն խնդիրներ, միեւնույն ժամանակ՝ իշխանության խնդիր ՌԴ ներսում: Իսկ որպես կանոն, ռուսական վերնախավը շաղկապված խնդիրների լուծման ռեսուրս է տեսնում Հայաստանը, հայկական շահի հաշվին Թուրքիայի հետ առեւտուրը:

Մոսկվայի աշխարհքաղաքական ստագնացիան ու իշխանության սուր խնդիրը Ռուսաստանը ներկայիս փուլում դարձնում են բավականին անկանխատեսելի, եւ թուրք-ադրբեջանական ազդեցության մշտական խոցելիության առումով բազմապատիկ ավելի խոցելի: Դա էլ իր հերթին առաջացնում է ռեգիոնալ անվտանգության վակուումի վտանգ:

Հայաստանը ներկայում դիմագրավում է այդ վտանգին, որն արտացոլվում է նաեւ Հայաստանի ներքին կյանքում մի շարք սուբյեկտների վարքագծային փոփոխությամբ: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը՝ պարզապես ռուսական խմբերին ՈՉ ասելու անկարողությունից, թե պարզապես կոլաբորացիոնիստական հակումներից, բավական բարդ է ասել, որովհետեւ այդ խմբերի մի մասն ինքը ոչ վաղ անցյալում կանգնած էր Ռուսաստանից եկող նույն վտանգների հանդիման:

Սակայն, կամա, թե ակամա, նրանք իհարկե խթանեցին հեղափոխության հակառակ արձագանք եւ ուժի ցուցադրություն: Ամբողջ հարցն այն է, որ այդօրինակ մեխանիզմով հեղափոխության ուժի գեներացումը կարող է ունենալ սահմանափակ ռեսուրս, եւ իշխանությունը պետք է բազմապատկի կառավարման արդյունքը համակարգային ուժի վերածելու էֆեկտիվությունն ու արագությունը: