Հունիսի 25-ին խորհրդարանի ամբիոնից ելույթի ընթացքում վարչապետ Փաշինյանն, անդրադառնալով ներքաղաքական իրողություններին, շոշափեց նաեւ «սոցիալական բունտի» թեման: Դրա մասին խոսակցությունները հաճախ են, դրա մասին ակնարկել էր նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոսելով, թե երեք ամիս անց սով է լինելու:

Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա մայիսի համեմատ 2020 մայիսին նվազել է 12,5 տոկոսով: Դա միանգամայն հասկանալի է՝ կորոնավիրուսի կարանտինի հետեւանքը: Խնդիրը կա ամբողջ աշխարհում, այդ մասին խոսելն ավելորդ է:

Մյուս կողմից, խնդիրը կա, եւ որքան էլ տնտեսական ծանրությունը օբյեկտիվ է, որքան էլ անկումը համաշխարհային է եւ համատարած, այդուհանդերձ մարդիկ պետք է ապրեն եւ պետք է լուծվեն սոցիալական խնդիրներ, միաժամանակ նաեւ տնտեսության արագ վերականգնման հարցեր:

Անշուշտ, դա բոլորովին չի նշանակում, որ սով է լինելու: Բայց իհարկե դժվար է լինելու:

Այդ դժվարությունը կարո՞ղ է բերել սոցիալական ընդվզման: Եթե անգամ ոչ ինքնաբուխ, ապա պետք է ենթադրել, որ որոշ շրջանակներ կարող են իրավիճակն օգտագործել «կազմակերպված սոցիալական ընդվզման» համար, հաշվի առնելով այն լծակները եւ ցանցերը, որ կարող են տնօրինել խոշոր կապիտալի կրողները: Ընդ որում, պետք չէ բացառել եւ այն, որ հնարավոր են նաեւ որոշակի սաբոտաժային հնարքներ:

Ըստ ամենայնի, կառավարությունը դիտարկել է այդ ռիսկերը, ինչի վկայությունը վարչապետի բարձրաձայն հակադարձումն էր: Ըստ նրա, սոցիալական ընդվզման պարագայում հանրության առաջնային թիրախը դառնալու են հենց մեծահարուստների թանկարժեք դղյակներն ու բենթլիները:

Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը: Թերեւս դժվար չէ կռահել: Նա ակնարկում էր խոշոր կապիտալի կրողներին, որ սոցիալական ընդվզում կազմակերպելու փորձը կշրջվի նրանց իսկ դեմ:

Արժե նկատել, որ ինչքան կա սոցիալական ընդվզում գեներացնելու օբյեկտիվ հիմք, նույնքան օբյեկտիվ է նաեւ հավանականությունը, որ այդ ընդվզումը կունենա բումերանգի էֆեկտ՝ թեկուզ ոչ առանց կառավարության ջանքի: Դա առնվազն կտա քաղաքական այնպիսի որոշումներ կայացնելու լեգիտիմ հնարավորություն, թեկուզ նաեւ կորցնելու ոչինչ չունենալու իրավիճակի բերումով, որոնք մինչ այժմ չեն կայացվել՝ ելնելով հեղափոխության ոչ բռնի մեթոդաբանության տրամաբանությունից:

Եվ դա Հայաստանի համար բացառիկ հաջողության տրամաբանություն է, որի թերագնահատումը կարող է թանկ արժենալ Հայաստանի վրա, բերելով քաղաքական ինքնաոչնչացման ռիսկի:

Այդ իմաստով, խաղասեղանին որեւէ քաղաքական ուժի հաջողության հարցը չէ, այլ Հայաստանի, ըստ այդմ խաղի բոլոր մասնակիցները պարտավորված են հաշվի առնել այդ իրողությունը: Իհարկե հաշվից դուրս չթողնելով եւս մի կարեւոր հանգամանք, որ թավշյա հեղափոխությունից հետո գոնե մինչ այժմ, եւ թերեւս նվազագույնը դեռ տեսանելի ապագայում Հայաստանում հարցերը լուծելու է հանրության վստահությունը, ոչ թե փողը: