Կորոնավիրուսի համաճարակի հայաստանյան վիճակագրության, դրան պաշտոնական անդրադարձերի ֆոնին աշխուժացել են քննարկումները այն հարցի շուրջ, որ Հայաստանում համաճարակային վատ վիճակագրության պատճառը հանրության անկարգապահությունն ու անօրինությունն է:

Հայաստանում հանրային օրինապահության, կարգապահության, ընդհանրապես հանրային համակեցության մշակույթի հետ կապված խնդիրների առկայության մասին հայտնի է թերևս Նոյյան տապանից: Կատակը կատակ, սակայն բացարձակապես նորություն կամ առավել ևս գաղտնիք չէ այն, որ Հայաստանում հասարակությունը ունի այդ խնդիրները: Ավելին, նաև դրանց պատճառով է, որ անկախության շրջանում արդիական պետականություն կառուցելու փոխարեն, մենք ստեղծեցինք քրեաօլիգարխիայի հիբրիդը, որից հաջողվեց ազատվել 2018-ի ապրիլին: Որպես համակարգ, որպես քաղաքական իշխանություն ազատվելը հաջողվեց, բայց որպես մտածողություն՝ ոչ: Եվ դա գլխավոր մարտահրավերն է, որ առկա է Հայաստանում:

Կորոնավիրուսի համաճարակը մեզ առերեսել է այդ գլխավոր մարտահրավերի դեմ: Եվ բանն այն է, որ վարակը, իհարկե, կանցնի, կամ պատվաստանյութը կգտնվի, կամ հանրային բնական իմունիզացիայի արգելապատնեշը կձևավորվի, իսկ մտածողության խնդիրը կմնա: Կմնա, և ոչ ոք չգիտե, թե ապագայում ինչ առիթներով կամ իրադարձությունների ինչպիսի ընթացքի բերումով մենք կառերեսվենք դրա հետ:

Ըստ այդմ՝ առանցքային է, թե դրա հետ ներկայիս առերեսումը ինչ եզրակացության ու հետևության է բերելու մեզ՝ բոլորիս: Այստեղ, ահա, շատ կարևոր է դառնում մի հանգամանք: Իհարկե, կարգապահությունը կարող էր էական դեր ունենալ համաճարակի կանխարգելման կամ տեմպի նվազեցման հարցում: Մյուս կողմից, սակայն, անկասկած է, որ ընդամենը մի քանի շաբաթում հնարավոր չէ փոխել մի մտածողություն, որ գալիս է ինչ-որ իմաստով անգամ հարյուրամյակների խորքից: Ըստ այդմ, արդեն այսօր անհրաժեշտ է անել կարևոր արձանագրումը՝ Հայաստանում մշակութային, արժեհամակարգային հեղափոխությունը կենսական անհրաժեշտություն է, էական հանգամանք երկրի դիմադրունակությունը բարձրացնելու առումով: Առանց այդ հեղափոխության, թավշյա հեղափոխությունը տարրալուծվելու է ժամանակի և չփոխված մտածողության մեջ: Բայց ո՞վ է պատասխանատու մտածողության, արժեհամակարգի փոփոխության համար, եթե ոչ առաջին հերթին կառավարող վերնախավը, հետո, իհարկե, հանրային, քաղաքական, տնտեսական վերնախավերը: Անկասկած է, որ հեղափոխությունից երկու տարի անց ամենաանարդյունավետ տիրույթը հենց արժեհամակարգային վերափոխումների տիրույթն է:

Spread the love