Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի նահանջի ժամկետների վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է համարում:

Այս մասին նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե երբ Հայաստանում կորոնավիրուսի էական նահանջ կլինի:

«Կարծում եմ, դա կախված է թվերից, բոլորս այս պահը կտեսնենք: Կանխատեսումները շատ անշնորհակալ գործ են եղել առաջին օրվանից: Երբ մենք կունենանք ակտիվ դեպքերի իջեցում, կայուն վիճակ, արձանագրվող դեպքերի նվազում, այդ ժամանակ կարող ենք արձանագրել, որ մենք անցանք բարդ շրջանը»,- ասաց Թորոսյանը:

Երեկ երեկոյան տվյալներով կորոնավիրուսով վարակված 120 պացիենտ սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Տանը հոսպիտալացման իրենց հերթին սպասող հիվանդների թվում ծանր հիվանդներ չկան, միջին ծանրության հիվանդներ կան։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանտը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Իրավիճակը համեմատած 5-6 օրվա հետ էական տարբեր է։ Եվ մենք տեղի բացակայության պատճառով մերժման դեպք չունենք»,- ասաց նա։

Նախարարն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ բոլոր բուժհիմնարկները ներգրավված չեն կորոնավիրուսով հիվանդներին բուժելու գործընթացում։

«Բոլոր բժշկական կենտրոնները չեն զբաղվելու Covid-ի բուժումով, պարզապես չեն զբաղվելու, որովհետև դա սխալ է։ Խնդրում եմ մի տրվեք գայթակղությանը՝ Covid-ը բոլոր բուժհիմնարկներ մտցնելու, որովհետև Covid-ը վարակիչ հիվանդություն է, ոչ թե մի պարզ պրոցեդուրա։ Չի մտցվելու մի քանի պատճառով՝ հակահամաճարակային պատճառով, որովհետև ոչ բոլոր հիվանդանոցներն ունեն այդ պայմանները, չեն մտցվելու այն պատճառով, որովհետև այդ հիվանդանոցներն այլ կարևոր գործով են զբաղվում, չեն կարող իրենց գործը թողնել, որովհետև մարդիկ այլ հիվանդություններով էլ են հիվանդանում ու դժբախտաբար մահանում։ Մենք չենք կարող կարևոր բժշկական ծառայությունները դնել կասկածի տակ միայն այն պատճառով, որ հիվանդանոցն ուզում է միայն Covid-ով զբաղվել»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ չի բացառվում, որ եթե իրավիճակի լավացում լինի, որոշ հիվանդանոցներ դադարեն զբաղվել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ «Միանշանակ է մի բան, որ մենք չենք կարող ամբողջ առողջապահական համակարգը դնել սրա տակ հիվանդանոցային մահճակալների իմաստով։ Մահճակալները պետք է լինեն տարանջատված։ Այսօր Երևանում էլ են Covid-ի բուժման նոր հիվանդանոցներ ավելանում, մարզերում էլ։ Մենք ունենք հիվանդանոց, որ ասում է՝ 20 մահճակալ կարող եմ տրամադրել, բայց մեզ 20 մահճականալանոց կորոնավիրուսի բուժման հիվանդանոցներ պետք չեն։ Մեզ պետք են մեծ ռեանիմիացիան ու մեծ կադրային ներուժով հիվանդանոցներ, հիմա չկան այդպիսիք, որ ներգրավված չեն։ Իսկ 20 մահճակալ՝ առանց ռենաիմիացիայի ու ինտենսիվ թերապիայի ու բժիշկների, պարզապես անհրաժեշտ չէ, որովհետև եթե այնտեղ թեթև ու միջին ծանրության հիվանդներ պետք է պառկեն, նրանք կարող են պարզապես տանը պառկել, իմաստ չկա իրենց հիվանդանոց բերել։ Ես կարծում եմ՝ այս թեման արհեստականորեն է ուռճացվել՝ որոշ շրջանակների կողմից։ Բայց կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա, որ մենք ճիշտ էինք»,- հավելեց Արսեն Թորոսյանը։