Makron France

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Եվրամիությանն առանց միամտությունների քննարկել թուրքական հարցը եւ Անկարայի հետ Եվրամիության հարաբերությունը:

Ֆրանսիան Թուրքիայի հանդեպ դիրքորոշումը կոշտացնում է Լիբիայում թուրքական ագրեսիվ քաղաքականության ֆոնին: Այդ հարցը տեսակապով քննարկելու են ՌԴ նախագահ Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Լիբիայում թուրքական ագրեսիան վերջին շաբաթներին բավական տհաճություն է պատճառել Պուտինին: Անկարայում սպասվող ռուս-թուրքական արտաքին գուծերի եւ պաշտպանության նախարարների ձեւաչափի հանդիպումը հետաձգվեց, ինչը վկայում է առկա բարդությունների մասին:

Կօգնի՞ Ֆրանսիան Ռուսաստանին դիմակայել թուրքական ագրեսիվ քաղաքականությանը:

Ֆրանսիայի ներգրավումը Լիբիայի գործընթացին կարող է շահեկան լինել Հայաստանի համար: Նախ, Ֆրանսիան եւս Մինսկի խմբի համանախագահ է, ինչը թերեւս կարող է լինել լիբիական հարցում ռուս-թուրքական հավանական առեւտրի շրջանակում արցախյան թեմայով քննարկումների հնարավորությունը չեզոքացնելու երաշխիք: Այդ հարցը հուզում է հայկական արտաքին քաղաքականությանը, որը եւս մեղմ ասած անտարբեր չէ լիբիական զարգացումների շուրջ:

Մյուս կողմից, Անկարայի հանդեպ Ֆրանսիայի կոշտ քաղաքականության համատեքստում կարող է իր դերն ունենալ հայկական հարցը, որը Փարիզի համար մշտապես եղել է Թուրքիայի հետ հարաբերությունում դրվող առաջնահերթությունների շարքում, որպես Անկարայի զսպման մեխանիզմ կամ գործիք: Կարո՞ղ է արդյոք հայկական հարցն այժմ լինել օրակարգում, ինչն էլ կարող է առկա գործընթացում սուբյեկտության լրացուցիչ հնարավորություն բացել Հայաստանի համար:

Արդյոք նաեւ դրան է պատրաստվում Էրդողանը, որը հանձնարարել է ստեղծել հայկական հարցի հակազդման հատուկ կառույց, թուրքական ժխտողականության առավել արդյունավետ ծավալման համար:

Իհարկե, հայկական հարցի թուրքական տագնապալի սպասումը ունի ավելի լայն համատեքստ, քանի որ լոկ ֆրանսիական ուղղությամբ չէ, որ հարցը ճնշել եւ ճնշելու է Անկարային: Եվ խորքային առումով խնդիրը նույնիսկ Անկարայի վրա անմիջական ճնշումը չէ, այլ աշխարհակարգային վերափոխումներում հայկական հարցի քաղաքական նշանակության անխուսափելի աճը, ինչն էլ ինքնաբերաբար արգելակ է լինելու թուրքական ռազմավարության շրջանակում:

Հատկապես որ, եթե չի խափանվել, ապա մեծ հավանականությամբ անխուսափելի խափանման ընդառաջ է գնում ռուս-թուրքական հարաբերությունը, ըստ այդմ՝ Ռուսաստանին հայկական հարցի զսպման լծակ դարձնելը: Համենայն դեպս ակնառու է, որ Ռուսաստանի համար բարդացել է հերթական անգամ այդ ծառայությունն Անկարային մատուցելը:

Մնում է քայլ առ քայլ, բայց անխուսափելի դուրս գրվել Հայաստանից եւ Կովկասից, կամ դուրս գրել Հայաստանի դեմ կնքված պայմանագրերը ռուս-թուրքական հարաբերությունից:

Spread the love