Atrchanak

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է Հարություն Ս.-ի գործի դատական քննությունը:

Հարություն Ս.-ին մեղադրանք է առաջադրված սպանության փորձի և ապօրինի հրազեն ու ռազմամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Հարություն Ս.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի ապրիլի 5-ին, առավոտյան ժամը  8-ի սահմաններում Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքում՝ առաջին հարկի աստիճանահարթակում, նախապես իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող, ռազմամթերք հանդիսացող  7,6 մմ տրամաչափի 7 փամփուշտով լիցքավորված, նախկին ԽՍՀՄ 1941 թվականի գործարանային արտադրության «Նագան» տեսակի ակոսափող, թմբուկավոր ատրճանակով Հարություն Ս.-ն երկու կրակոց է արձակել ու փորձել է սպանել Ջոնի Ս.-ին՝ կապված վերջինիս ծառայական գործունեության հետ: Ջոնի Ս.-ն զորամասերից մեկում հրամանատար էր: Նա ակտիվորեն դիմադրել է իր վրա կրակոցներ արձակող Հարություն Ս.-ին, խլել է զենքը ու չի սպանվել կրակողի կամքից անկախ այդ հանգամանքով պայմանավորված:

Դեպքի վայրից տուժողը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ նրա կողմից վնասազերծված Հարություն Ս.-ին ոստիկանները բերման են ենթարկել:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Վկա Ս.-ն հայտնեց, որ տուժողի հարևանուհին է, բնակվում է դեպքի վայր շքամուտքի առաջին հարկի բնակարանում: Դեպքը կատարվել է հենց Ս.-ի բնակարանի մուտքի դռան մոտ:

Վկան նշեց, որ տուժողի հետ «բարև-բարլուս»-ի հարաբերություններ են, իսկ ամբաստանյալին տեսել է դեպքի վայրում, նախկինում չի ճանաչել:

2019 թվականի ապրիլի 5-ի առավոտյան, ժամը  8-ի սահմաններում իրենց մուտքի դռան կողմից «ձեն» են լսել: Ս.-ին թվացել է, թե դպրոց գնացող երեխաները «սալյուտ են տալիս»: Բայց Ս.-ի որդին  զգուշացրել է, որ դուրս չգան՝ ասելով, թե կրակոցների ձայն էր կարծես: Որդին դուրս է եկել, ապա վերադարձել ու ասել է՝ շտապօգնություն զանգեք, կրակել են, հարևան Ջոնը վիրավոր է:

Ս.-ն երեք անգամ զանգել է շտապօգնություն իրենց քաղաքային հեռախոսով: Նա նաև բացել է բնակարանի դուռն ու տեսել է՝ ինչ-որ մեկը պառկած էր վերելակի մոտ, իսկ հարևան Ջոնը «հենված էր նրա վրա»:

Պատասխանելով կողմերի հարցերին՝ վկա Ս.-ն ասաց, որ լսել է երկու կրակոց: Կրակոցներն իրար հետևից էին: Չգիտի՝ ով ում վրա է կրակել. «Տենց բան չէինք տեսել, խառնվել ենք իրար»:

Վկան նաև հիշեց. «Ընդե ոնց որ գցած զենք կար՝ սչոչիկների մոտ»: Վկան ասաց, թե իր տեսածը կարծես թե ատրճանակ էր, բայց ինքը ատրճանակների տեսակները չի տարբերում:

Վկային հարց ուղղեց նաև ամբաստանյալը: Նա ասաց. «Բոլոր վկաներից միայն ձեզ եմ հիշում՝ դուք դուրս եկաք, ես ոչ թե մեջքի, այլ փորի վրա էի ընկած: Դուք ասիք նույն բառերը՝ ես էլ գիտեմ՝ էրեխեքն են սալյուտ տրաքացնում…»:

Ամբաստանյալը վկային հիշեցրեց տուժողի խոսքերը, թե իր վրա կրակողին հազիվ էր պահում, եթե բաց թողներ, նա «բոլորին կուտեր»: Հարությունը վկային հարցրեց. «Դուք իմ կողմից ագրեսիա տեսե՞լ եք, թեկուզ՝ որևէ շարժում»:

Վկան ասաց՝ ոչ: Հարությունը «հանգիստ» ընկած է եղել փորի վրա, իսկ Ջոնը նրան պահում էր ընկած տեղում:

Վկան նշեց, որ Ջոնը «վայեննի» շորերով էր: Երբ եկել է շտապօգնությունը, Ջոնը չի համաձայնել, որ իրեն օգնություն ցուցաբերեն, ասել է՝ թող ոստիկանները գան, հետո:

Վկան ասաց, թե չի լսել ինչ են խոսել Ջոնն ու Հարությունը: Չի լսել նաև, որ Հարությունը Ջոնին ասի. «Էկել եմ քեզ խփեմ ու գնամ նստեմ»:

Վկա Խ.-ն նախորդ վկայի որդին էր: Նա հայտնեց, որ դեպքի պահին ինքը լոգարանում էր, ինչ-որ ձայն է  լսել, կարծել է, թե հոսանքի «շիտը» պայթեց, ինչպես եղել էր մի քանի տարի առաջ, այն ժամանակ էլ նման ձայն էր լսվել: Արագ հագնվել, դուրս է եկել աստիճանահարթակ: Տեսել է, որ վերելակի դիմաց իրար փաթաթված պառկած են երկու տղամարդ՝  հարևան Ջոնն ու ինչ-որ անծանոթ տղամարդ: Ջոնը «փաթաթված պահում էր» ընկած տղամարդուն: Հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Ջոնն ասել է, որ կրակել են իր վրա, ինքը վիրավոր է, ասել է՝ շտապօգնություն կանչեք: Խ.-ն մտել է տուն, մորն ասել է, որ շտապօգնություն զանգի:

Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր, որ աստիճանահարթակում՝ պատի տակ, տեսել է, որ թմբուկավոր ատրճանակ է ընկած… Ինքը Ջոնի վրա արյուն կամ վնասվածք չի տեսել, Ջոնն է ասել, որ վնասվածք է ստացել: Երբ դուրս է եկել բակ՝ շտապօգնությանը դիմավորելու, տեսել է Ջոնի վարորդին, որը ոստիկանություն էր զանգում:

Երբ շտապօգնությունը եկել է, Ջոնը թույլ չի տվել, որ իրեն օգնեն, ասել է՝ սպասենք՝ ոստիկանները գան, կրակողին հանձնեմ նրանց, հետո օգնություն ցույց կտաք: Բժիշկները սպասել են վկայի բնակարանի միջանցքում, մինչև ոստիկանները կգային: Վկան տեսել է, որ Ջոնը խոսում է իր վրա կրակողի հետ, ենթադրել է, որ նրանք կարող էին ծանոթ լինել, բայց չի լսել, թե ինչ են խոսում: Հարությունը չէր դիմադրում, նա հանգիստ պառկած էր, Ջոնն էլ՝ նրա վրա:

Գործով իրեղեն ապացույց ճանաչված թմբուկավոր ատրճանակը, որ նախորդ նիստի ժամանակ հետազոտվել էր, ու ամբաստանյալը այն ճանաչել էր, այս նիստին նույնպես դատարանի դահլիճում էր: Ատրճանակի վրա տուժողը ցույց տվեց, թե ինչպես է հնարք կիրառելով՝ այն խլել Հարությունից. «Մատս ձգանի հետևը մտցրի, փողն էլ ուղղեցի հակառակ ուղղությամբ: Զենքը խլելիս մատիս շրջանում քերծվածք էր առաջացել…»:

Տուժողը նաև հայտարարեց, թե ինքը «դատաբժիշկ» չի տեսել, իր մոտ գնացել է միայն քննիչը:

Տուժողի ասածին հակադարձեց ամբաստանյալը. «Էդ որ գեղեցիկ ցույց տվեց, թե զենքը ոնց ա խլել, բա ես որտե՞ղ էի էդ ժամանակ»:

Փաստն այն է, որ տուժողը կարողացել է Հարությունի ձեռքից խլել զենքը, մի կողմ նետել, կրակողին վնասազերծել ու բռնած պահել, մինչև դեպքի վայր են հասել ոստիկանները:

Այս գործով չի հարցաքննվել մեկ վկա կին, որը դատարանի աշխատակազմին տեղեկացրել էր, թե տեղափոխվել է, բայց իր հասցեն չի ասի ու դատարան չի ներկայանա: Դատարանը այս վկային բերման ենթարկելու որոշում էլ էր կայացրել, բայց ոստիկանները չէին կարողացել վկային գտնել նշված հասցեներում, իսկ ոստիկանների հեռախոսազանգին վկան նույն պատասխանն էր տվել, թե բնակության վայրը փոխել է, սակայն հասցեն չի ասի ու դատարան չի ներկայանա:

Դատարան չներկայացող վկան կարող է քրեական հետապնդման ենթարկվել: Գործով մեղադրողը նշեց, որ մինչև հաջորդ նիստը կաշխատի գտնել վկային ու ապահովել նրա ներկայությունը: Եթե վկայից ստանան նույն պատասխանը, նոր միայն կքննարկվի նրան քրեական հետապնդման ենթարկելու հարցը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին:

Spread the love