Վերջերս մամուլում, հիմնականում նախկինները, հաճախ շահարկում են «հակասահմանադրական» բառը, ընդ որում, դա ասում են այն մարդիկ, որոնք հասել են բավականին մեծ տարիքի եւ իրենց կյանքում առաջին անգամ են օգտագործում այն։

Այս մասին այսօր «Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքի նախագծերի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Նրա խոսքով՝ արդեն 25 տարի ունենք Սահմանադրություն, որը ոտնահարվել է թե՛ ընտրությունների, թե՛ մարդու իրավունքների հետ կապված, բայց այդ մարդիկ լուռ ընդունում էին ամեն ինչ։ Պատգամավորն ասաց, որ շատ ուրախ է այս առիթով, քանի որ հիմա գործում է այնպիսի համակարգ, որ մարդիկ կարող են հանգիստ օգտագործել «հակասահմանադրական» բառը։

Իգիթյանը փորձեց պարզաբանել, թե ինչ է կատարվում իրականում, որպեսզի հասարակությունը չմոլորվի ու չընկնի այդ քարոզչական մեքենայի տակ։ Նա հիշեցրեց, որ առկա Սահմանադրությունը չեն գրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, եւ նրանից որեւէ մեկը այս կամ այն կերպ չի մասնակցել այդ պրոցեսին։ «Այդ հեղինակները այստեղ մտցրին մի նոր դրույթ, այն է, որ ԱԺ-ն երկու երրորդով կարող է փոխել որոշ դրույթներ։ Մենք, չգիտեմ, երեւի պետք է ներողություն խնդրենք, որ այնպես ստացվեց, որ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 70 տոկոս ձայն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ժողովուրդը նմանատիպ հոդվածներ փոխելու իրավունքը տվել է իրենց։

Spread the love