Խոշոր կապիտալը պետք է հեռանա քաղաքականությունից: Այսպես կոչված` հաշտության տուրքը, որի միջոցով օլիգարխիան պետք է իրավական լեգալ մեխանիզմներով հատուցի հասարակությանը, պետք է դառնա 2018թ․ հեղափոխության հիմնական հետևանքներից մեկը: Սա է որակապես նոր համակարգ, մրցունակ պետություն ստեղծելու բանաձևը:

Հեղափոխությունը պետք է կազմաքանդի քրեաօլիգարխիկ ողջ համակարգը` բացառելով կոմպրոմիս դրա որևէ սեգմենտի հետ, այլապես` Հայաստանը կկրկնի Ուկրաինայի և Վրաստանի դառը փորձը:

Քրեաօլիգարխիան չի կարող տարբերակվել, չեն կարող լինել «բարի» և «չար» օլիգարխներ: Հնարավոր չէ մի ձեռքով կազմաքանդել ՀՀԿ քրեաօլիգարխիան, մյուս ձեռքով սեղմել Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Ալեքսանյանի ձեռքը: Այս կոնտրաստը պետք է լուրջ մտորելու տեղիք տա թավշյա հեղափոխության առաջնորդներին: Անհրաժեշտ է օլիգարխիայի կազմաքանդման, կապիտալի և քաղաքականության տարանջատման, կապիտալի սոցիալական պատասխանատվության հարցերը լուծել այսօր, վաղը կարող է ուշ լինել: Հակառակ պարագայում․․․ Հակառակ պարագան ուղղակի հակացուցված է Հայաստանին։