Մենք կդիմանանք, մենք սովոր ենք, իսկ դու՞ք ինչ եք անելու առանց մեզ: Այդ խոսքերը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասել է Ռուսաստանին, Բելառուսի հեռուստատեսության եթերում:

Լուկաշենկոյի խոսքերում նկարագրված իրավիճակը ունիվերսալ է Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների, մասնավորապես նրա այսպես ասած դաշնակցային հարաբերությունների իմաստով:

Մոսկվան շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ առանց իրեն բոլորը կորած են, անկարող՝ դիմագրավելու վտանգներին ու մարտահրավերներին: Ընդ որում, ամենահետաքրքիրն ու հատկանշականն այն է, որ այդ մարտահրավերների ու վտանգների հիմնական աղբյուրներից մեկը հենց Ռուսաստանն է, երբ որեւէ էական հարցում համարձակվում են մերժել նրան:

Փայտը, ինչպես ասում են ռուսները, ունի երկու ծայր: Իհարկե, նրանք իրավացի են, երբ խոսում են այն մասին, որ հետխորհրդային երկրներից շատերը մի շարք հարցերում ունեն Ռուսաստանի անհրաժեշտությունը: Բայց, ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ ոչ պակաս ունի այդ երկրների, կամ նրանց մի զգալի մասի անհրաժեշտությունը:

Ինչպես օրինակ Հայաստանի դեպքում: Հայ ժողովրդին երկար ժամանակ ներշնչվել է, որ առանց Ռուսաստանի չկա անվտանգություն, չկա փրկություն, հնարավոր չէ կանգնեցնել Թուրքիային: Այն, որ անվտանգային հարցերում Հայաստանը ունի Ռուսաստանի հետ համատեղ շահի եւ աշխատանքի ահռելի դաշտ, անկասկած է: Այլ հարց է, թե դա ինչպես է պատկերացնում ռուսական վերնախավը: Որովհետեւ ռուսական վերնախավը դա պատկերացնում է ոչ թե համատեղ շահի, այլ ռուսական «մեծահոգության» եւ հայկական վասալության տիրույթում: Հենց այդ մտածողությունից դրդված էլ հայ ժողովրդին փորձել են խորապես ներշնչել, որ առանց Ռուսաստանի՝ չկան:

Իսկ առանց Հայաստանի Ռուսաստան կա՞:  Եվ հարցն այստեղ ֆիզիկական չէ լոկ, որովհետեւ Ռուսաստանի լինել-չլինելը պետք է չափվի այդ երկրի վերնախավի մտածողությամբ, ժողովրդական հոգեբանությամբ, ժողովրդագրական կազմով, իշխանություն-հասարակություն հարաբերության գաղափարաբանական առանցքով, նաեւ պետական ինքնության գաղափարական հիմքով: Այդ տեսանկյունից, Ռուսաստանը դոմինոյի էֆեկտով փլուզվելու է գուցե մինչեւ Մոսկվայի մատույցներ, եթե փլուզվի ռուսական ներկայությունը Կովկասում:

Իսկ այդ ներկայությունը կառուցված է մի առանցքի վրա, որը փլուզվելու է անխուսափելի, կամ փլուզվում է արդեն իսկ՝ ռուս-թուրքական առանցքը: Այդ առանցքի վրա կառուցված ներկայությունն էլ ռուսական վերնախավային մտածողության մեջ մերժում է ինքնիշխան Հայաստանի գաղափարը: Դա այն դեպքում, երբ նոր համաշխարհային միտումների պարագայում հենց ինքնիշխան եւ պաշտպանված Հայաստանն է, որ կարող է Մոսկվայի համար լինել Կովկասում դերակատարման շարունակության երաշխիք:

Այդ հանգամանքը ներկայում հակասության մեջ է ռուս-թուրքական մեկդարյա պակտի հետ, բայց այդ պակտն էլ ակնառու հակասության մեջ է համաշխարհային նոր զարգացումների եւ դրանցում Հայաստանի վերբեռնման գործընթացի հետ:

Ռուսաստանի համար այլեւս հնարավոր չէ համոզել հայությանը, որ կարելի է Կովկասում քաղաքականության առանցք դիտել Թուրքիայի հետ հակահայկական պակտը, բայց համարվել Հայաստանի անվտանգային դաշնակից: Իսկ հայությունը սկսել է վերակառուցել ոչ միայն իր աշխարհընկալումն ու պատկերացումը, այլեւ պետական անվտանգության համալիրը խորքային, ոչ զուտ ռազմական իմաստով:

Խորքային առումով Հայաստանինը չէ ընտրությունը՝ լինել Ռուսաստանի հետ, թե ոչ: Ընտրությունն այլեւս Ռուսաստանինն է՝ լինել ինքնիշխան Հայաստանի հետ, թե ոչ: Այդ դեպքում իհարկե պետք է պատասխան հարցին՝ իսկ ու՞մ հետ լինել Կովկասում:

Spread the love