Հաջորդ խորհրդարանում կհայտնվեն այն ուժերը, որոնք աներկբա աջակցություն են հայտնում հեղափոխության արժեքներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, իհարկե, նշել է, որ այդ մասին անում է կանխատեսում և խոսում ոչ իբրև վարչապետ, այլ իբրև քաղաքացի Նիկոլ Փաշինյան: Անշուշտ, դրանից չի փոխվելու նրա հայտարարության առնչությամբ քաղաքական ընկալումը որպես վարչապետի հայտարարություն, և դրանից են բխելու այդ հայտարարության մեկնաբանությունները, որոնք կլինեն նույնքան հակասական և ծայրահեղությունից ծայրահեղություն, որքան ներկայիս ներքաղաքական ընթացքը և իրադրությունը: Բայց այստեղ, իհարկե, շոշափվում է կարևորագույն խնդիր, որովհետև խորքային իմաստով, անշուշտ, հետհեղափոխական Հայաստանի համար առաջնային լուրջ քննությունը լինելու է հենց խորհրդարանի հաջորդ ընտրությունը, ընդ որում՝ թե՛ ընտրական գործընթացի անցկացման օրինականության, որակի, թե՛ բովանդակային արդյունքի տեսանկյունից: Այսինքն՝ հետհեղափոխական կամ նոր Հայաստանի համար առանցքային է առանց կեղծիքի և ապօրինության ընտրության անցկացումը, և առանցքային է քաղաքական բովանդակությամբ ընտրության անցկացումը, որտեղ պայքարը լինելու է ոչ թե քաղաքականության ու փողի, այլ գաղափարների, ծրագրերի, հայեցակարգերի միջև: Այդ համատեքստում է առանցքային դառնում, թե որ ուժերն են լինելու հաջորդ ընտրության դրոշակակիրները: Իսկ այստեղ կառավարող ուժն, անշուշտ, ունի անելիք: Իհարկե, միայն այդ ուժի դաշտում չէ անելիքը, և, որպեսզի հաջորդ ընտրությանը լինի մրցակցության բովանդակային այլ որակ, պետք է լինեն այդ նոր որակի բովանդակության և, գլխավորը՝ մրցունակ բովանդակության, հետաքրքիր, հանրության համար արդիական և համոզիչ բովանդակության ունակ ուժեր: Իսկ դա մի բան է, որ հնարավոր չէ սահմանել կառավարության որոշումով: Բայց կառավարող մեծամասնության լծակներով հնարավոր է իրականացնել քաղաքական այն ռեֆորմացիան, որը ինստիտուցիոնալ նվազագույնի կհասցնի քաղաքական մրցապայքարում փողի կամ տնտեսական ռեսուրսի դերը և առավելագույնս կբարձրացնի հենց քաղաքական պայքարի, ծրագրային պայքարի հնարավորությունը:

Հետևաբար՝ հաջորդ ընտրությանն ընդառաջ, կառավարող մեծամասնության անելիքն, իհարկե, քաղաքական համակարգի ռեֆորմացիան է, ինստիտուցիոնալ արդիականացումը, խաղի կանոնների, մրցակցության այնպիսի միջավայրի ձևավորումը, որը, մի կողմից լինելով միանգամայն ազատ, մյուս կողմից ապահոված կլինի այն ֆիլտրերով, որոնք կկանխեն փողով քաղաքականություն ստեղծելու ջանքերը: Իսկ դրանք, անշուշտ, լինելու են: Բայց այդ ջանքերը խնդիր են դառնում, երբ չկա «հակաջանքը», որը տվյալ դեպքում հենց համակարգային ռեֆորմացիան է: Իհարկե, դա նաև ենթադրում է հանրային երկխոսություն արդիականության թեմաներով, երկխոսություն արժեհամակարգային հեղափոխության շուրջ: Այստեղ արդեն կառավարող մեծամասնությունը, իհարկե, չպետք է լինի մենակ, բայց նաև պետք է լինի նախաձեռնող: Այդ քայլերն իրականացնելու, այսինքն՝ սեփական պատասխանատվությունը իրացնելու դեպքում է, որ կառավարող մեծամասնությունը բաց ճակատով կարող է ասել, որ մնացյալ առումով «քաղաքական աղքատությունը» մարդկանց գլխում է:
Spread the love