«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ներդրումները բավարար չեն Հայաստանում արդիական երկաթուղի ունենալու համար, հայտարարել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա ասել է, որ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ բանակցում են ներդրումների ծավալը մեծացնելու համար: Ըստ նրա, այն, ինչ նախատեսված է, կիրականացվի, սակայն արդիական երկաթուղի ունենալու համար դա բավարար չէ: Ըստ Պապիկյանի, հայկական կողմը դնում է Հայաստանի շահի հարցը:

Նրա խոսքերով՝ ռուսական կողմի հետ ընթանում է կառուցողական բանակցություն: 2008 թվականից ի վեր իրականացվող կոնցեսիոն կառավարման 12 տարում, թերևս, միակ արդիականը, որ ստացել է հայկական երկաթուղին, մի քանի վագոններ են, ռուսական նոր արտադրության երկու շարժակազմ, որոնք երթևեկում են դեպի Գյումրի:

Մնացյալ առումով, ռուսական կոնցեսիոն կառավարումը ընդամենը հանգել է նրան, որ հայկական երկաթուղին կա:

Հարց է առաջանում, չէ՞ր կարող այդքանն ապահովել հայկական պետությունը, որը տարիներ շարունակ բյուջեից հարյուրավոր միլիոն դրամներ է հատկացրել ՀԿԵ-ին վնասները փոխհատուցելու համար: Կամ՝ չէ՞ր կարող արդյոք հայկական կողմը երկաթուղին հավատարմագրային կառավարման հանձնել մրցույթով, այլ ընկերությունների տալով ներգրավվելու հնարավորություն: Հնարավոր էր, թերևս, շատ բան, եթե Հայաստանը կարողանար կայացնել ինքնիշխան որոշումներ այն ժամանակ, երբ երկաթուղին հանձնվել է կառավարման: Իսկ դա, հիշենք, տեղի է ունեցել 2008 թվականին: Դժվար չէ մտաբերել, թե ինչ իրողություններ էին նախորդել այդ թվականին, և Մարտի 1-ի խնդիր ունեցող իշխանությանը ինչ որոշումներ կարող էին պարտադրվել:

2013 թվականին, երբ Հայաստանին պարտադրվեց գիշերային բռնակցումը ԵՏՄ-ին, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց, որ «Ռուսական երկաթուղին» 15 միլիարդ ռուբլու ներդրում է անելու հայկական երկաթուղու արդիականացման համար: Հայաստանը 2013-ից հետո տեսավ ամեն ինչ, գազային խայտառակ պայմանագրից մինչև Ապրիլյան քառօրյա պատերազմ, սակայն չտեսավ այն ներդրումները, որոնք պետք է արդիականացնեին հայկական երկաթուղին: Թեև, չտեսավ գործնականում որևէ իրական ներդրում, որը պետք է արդարացներ Հայաստանի ԵՏՄ ընտրությունը: Կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել թավշյա հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանը անգամ գազի գնի հարցում չի ուզում գնալ նվազեցման, և միաժամանակ արտգործնախարարի մակարդակով դժգոհում է, որ ռուսական ընկերություններին Հայաստանում ներկայացվում են իրավական պահանջներ: Իսկ այդ հարցում ՀԿԵ-ն բացառություն չէ: Ավելին, 2018-ի սեպտեմբերի 8-ին Մոսկվա Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի շեմին՝ գիշերը, Հայաստանի ՊԵԿ օպերատիվ ծառայությունը գործողություն էր իրականացրել ՀԿԵ-ում: Այլ կերպ ասած, եթե 2013-ի սեպտեմբերի 3-ի գիշերը գործողություն էր իրականացվել Հայաստանի դեմ, ապա հինգ տարի անց սեպտեմբերյան գիշերը Հայաստանն էր իրականացրել ինքնիշխանության գործողություն՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ: Երևանը հայտարարում է, որ ռուսական ընկերությունները չեն կարող ունենալ որևէ արտոնյալ կարգավիճակ, հայկական բիզնես դաշտում որևէ չգրված առավելություն այլ տնտեսվարողների նկատմամբ: Առանց դրա Հայաստանում չի կարող ձևավորվել հակակոռուպցիոն տնտեսակարգ, ըստ այդմ՝ չի կարող ձևավորվել պետական ինքնիշխանության տնտեսական հենք: Այլ հարց է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանի այդ հենքով: Բայց Երևանը չունի այլընտրանք, քան այլընտրանքներ ստեղծելն ու այդպիսով Հայաստանի հարցում Ռուսաստանի մոտիվացիոն հիմքերը փոխելը: