Hayastan

Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը առաջադիմել է 13 կետով՝ 180 երկրների շարքում, «համեմատաբար ազատ» երկրների դասից անցնելով «հիմնականում ազատ» երկրների շարք:

Դա իհարկե տնտեսական ազատության ինդեքս է, որը ի ցույց դնելով օրվա վիճակը տնտեսվարման միջավայրի բարելավման իմաստով, արդյունքի տեսանկյունից իհարկե առնչվել կարող է ապագային: Այլ կերպ ասած, տնտեսվարման պայմանների բարելավումը որպես կանոն պահանջում է արդյունքի դրսևորման ժամանակ, և, եթե ընդունվում է բարելավման իքս կամ իգրեք օրենքը, դրա ազդեցությունը կարող է զգացվել ամիսներ, անգամ տարիներ հետո: Այդպիսին է տնտեսությունը:

Սակայն, հենց այդ իմաստով էլ շատ կարևոր է, թե դեպի ուր է գնում միջավայրը, որպեսզի այն հասկանալի լինի նաև ներդրողների համար: Զեկույցները, որ հրապարակվում են, հույժ նշանակալի են որպես ազդակներ տարբեր տրամաչափի ներդրողների համար: Դրանք բացարձակ ազդակներ, բացառիկ ազդակներ չեն, սակայն հույժ կարևոր են: Իսկ հարցն էլ իր հերթին կարևոր է ոչ միայն զուտ տնտեսական, այլ Հայաստանի թերևս ռազմա-քաղաքական անվտանգության տեսանկյունից: Բերենք պարզ օրինակ, ընթացիկ քաղաքական խնդիրների համապատկերում:

Օրերս ՌԴ դեսպանատունը տարածեց մի հայտարարություն, որով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման նոր կանոնների վերաբերյալ օրինագծի առնչությամբ փորձում էր նրբորեն ակնարկել, որ, եթե խնդիրներ լինեն, ապա իրենք էլ խնդիրներ կառաջացնեն Ռուսաստանում աշխատող հայաստանցիների համար: Դա ավանդական, ստանդարտ շանտաժ է, որ Ռուսաստանն անում է թե հայաստանցիների, թե նաև հետխորհրդային գործնականում բոլոր երկրների համար: Եվ որքան էլ մենք բարոյա-քաղաքական իմաստով գնահատենք դա որպես շանտաժ ու սպառնալիք, որը վայել չէ այսպես ասած դաշնակից պետությանը, այդուհանդերձ ակնառու է, որ ռուսներն օգտագործում են այն, ինչ ունեն ձեռքի տակ՝ իրենց քաղաքական նպատակներին կամ հավակնություններին հասնելու համար:

Ըստ այդմ, Հայաստանի քաղաքական, և հաշվի առնելով, թե ինչ երկրի և մտածողության հետ գործ ունենք՝ ռազմա-քաղաքական անվտանգության, ինքնիշխանության հարցում մեծ նշանակություն է ստանում Ռուսաստանից տնտեսական կախվածության թուլացումը: Եվ այդ հարցում էական նշանակություն ունի, թե որքանով է Հայաստանն ունակ ապահովել հայաստանցիներին աշխատանքի հնարավորությամբ: Դա նաև լուծելու է ժողովրդագրական կարևորագույն խնդիրներ: Եվ այստեղ է ահա, որ բիզնես միջավայրի, տնտեսվարման պայմանների ազատության հարցը լոկ տնտեսական և բարեկեցության հարց չէ, այլ ուղղակի անվտանգային, ռազմա-քաղաքական ինքնիշխանության հարց: Այսինքն, իհարկե պայմանական, անուղղակի, բայց Հայաստանն առաջադիմել է ինքնիշխանության սանդղակում: Մեծ հաշվով, իհարկե, այդ ճանապարհին Հայաստանն առաջադիմել է մի քանի կետով, որը ճանապարհի դեռ կեսն էլ չէ, և գուցե լայն համատեքստում դեռ ամբողջական քայլ ու առաջադիմություն էլ չէ, բայց շատ կարևոր է ուղղությունը, և իհարկե արագությունն ավելացնելու մեծ անհրաժեշտությունը:

Spread the love