Վրաստանում ձեւավորվում է Հայաստանին աջակցելու հանրային-քաղաքական նախաձեռնություն, որին միանում են ակտիվիստներ, քաղաքական գործիչներ, կուսակցությունների ղեկավարներ: Նրանք խոսում են այն մասին, որ պետք է օգնել համավարակի հետեւանքով ծանր վիճակում հայտնված Հայաստանին:

Հայաստանի պարետատունը հայտնել է, որ քննարկում են այլ երկրներին օգնության համար դիմելու հնարավորությունը: Կդիմի՞ Հայաստանը Վրաստանին, եւ կլինի՞ արդեն միջկառավարական հաղորդակցություն այդ հարցում:

Բայց, արդեն կա շատ կարեւորը՝ Վրաստանում հենց հանրային-քաղաքական նախաձեռնությունը, որը համացանցում կարծես թե վայելում է օգտատերերի մեծամասնության աջակցությունը: Վրացական հանրության արձագանքը չափազանց կարեւոր է, հաշվի առնելով ոչ միայն համաճարակային վիճակը եւ դրա առողջապահական կողմը, այլ ավելի լայն ռեգիոնալ իրավիճակը:

Վրաստանը Հայաստանի հանդեպ վերաբերմունքի այդ արտահայտմամբ փաստացի արտահայտում է իր ռազմա-քաղաքական անվտանգության մղումը: Մի բան, որից վրաց հանրությանը զրկելու ուղղությամբ աշխատել են ռեգիոնալ բազմաթիվ ուժեր, որոնք շահագրգռված են Կովկասի անվտանգության նոր համակարգի հայ-վրացական առանցքի կայացում ու բյուրեղացում թույլ չտալու հարցում:

Ներկայիս իրավիճակն այդ ուժերը դիտարկում են հայ-վրացական հանրային, տնտեսա-քաղաքական, ռազմա-քաղաքական կոոպերացիայի հեռանկարի տապալման նոր հնարավորություն: Դրանում համոզվելու համար բավարար է ընդամենն աչքի անցկացնել ադրբեջանական պրոպագանդայի էջերը, որտեղ Վրաստանը եւ այդ երկրի ազգային շահերը հայտնվել են թիրախում:

Հայաստանին օգնելու հանրային նախաձեռնությունը վրացական հանրության մարդասիրության եւ հարեւանության կարեւոր դրսեւորում լինելուց բացի, նաեւ ազգային եւ պետական շահի գիտակցման նշանակալի վկայություն է:

Հայաստանում լոկ համաճարակի բռնկում չէ: Ակնառու է, որ դրա ֆոնին կա Հայաստանի ինքնիշխանության դեմ հավակնության բռնկում: Հավակնություն, որ դրված է ռուսական մեծապետականության հիմքում եւ զանազան բաց եւ լատենտ տեխնոլոգիաներով սնուցվում է Թուրքիայի հավակնություններից:

Ռուսաստանը ներկայում իշխանության խնդրի լուծման լրջագույն փուլում է, որտեղ գործնականում խորքային հարցերից մեկը լինելու է հենց այն, թե ո՞ր գաղափարն է հաղթելու՝ Թուրքիայի հետ հայկական հարցում փոխզիջման միջոցով Կովկասը կիսելո՞ւ, թե՞ նոր աշխարհակարգում ինքնիշխան Հայաստանի հետ գործակցության միջոցով Կովկասում տեղի եւ դերի հեռանկարի:

Առաջին գաղափարի հաղթանակը ուղիղ սպառնալիք է ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին: Երկրորդի պարագայում Վրաստանի համար սկզբունքորեն նվազելու է ռուսական վտանգը, ինչը թույլ է տալու նաեւ առավել համարձակ լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի հավակնությունները զսպելիս:

Spread the love