Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է:

Այս մասին  Covid-19-ի մասին մասնագիտական քննարկման ժամանակ ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքով՝ եթե զուգահեռներ տանենք H1N1 վարակի հետ, ապա համաձայն ԱՄՆ տվյալների, վարակի առաջին տարում՝ 2009 թվականին այնտեղ մահացել էր ընդամենը շուրջ 12 500 մարդ։ Բայց մենք  ներկայում տեսնում ենք, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նույն ԱՄՆ-ում մահերի թիվը գերազանցել է 100 հազարը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ կորոնավիրուսից պետք է զգուշանալ։

«Եվրոպական երկրներում, եթե նայում ենք վերլուծությունը, ապա մահաբերությունը մինչև 10 տոկոս կարող է լինել որոշ երկրներում։ Ինչի՞ց է կախված մահաբերությունը, բազմաթիվ գործոններ են ազդում, ես կուզեի առանձնացնել դրանցից երեքը: Առաջինը՝ տարիքային կազմն է և խրոնիկական հիվանդությունների տեսակարար կշիռն է։ Վիճակագրությունը վկայում է, որ 40 տարեկանից բարձր մահանալու հավանականության կորն էապես ավելանալու է կորոնավիրուսի դեպքում։ Երկրորդ գործոնը առողջապահության համակարգի պատրաստված լինելն է, երրորդը՝ մահերի գրանցման մեթոդաբանությունն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս բոլոր այն մահերը, որոնք այս կամ այն կերպ կապված են կորոնավիրուսի հետ, եթե չկա ակնհայտ մահվան ուրիշ պատճառ, օրինակ, տրավմա, համարել, որ մարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Ինչո՞ւ, որովհետև մեծ հավանականությամբ այդ մահը կանխարգելելի էր, եթե մարդը չունենար կորոնավիրուս»,- նշեց Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում մահացության ցուցանիշն այնքան էլ մեծ չէ։

Spread the love