Vostikan

Ազգային ժողովում այսօր ընդունվել է Ոստիկանության բարեփոխումների փաթեթը, որը ենթադրում է Հայաստանում պարեկային ծառայության հիմնում, և այլ նոր կառուցակարգեր:

Նախատեսվում է, որ գործընթացը լայն թափ և առարկայականություն կստանա 2021 թվականից: Ոստիկանության բարեփոխման կարևորության մասին խոսելը գործնականում ավելորդ է: Այդ մասին խոսվել է անկախության հենց առաջին տարիներից և խոսվում է մինչև այժմ ու չնայած տարբեր փուլերում նշանակալի փոփոխություններին, այդուհանդերձ մենք մեծ հաշվով չունենք արդիական ոստիկանական համակարգ, չունենք ոստիկանական ռեֆորմ: Ըստ այդմ, ներկայումս կարևոր է ոչ թե այն, որ ընդունվել է փաթեթը՝ դա իհարկե անկարևոր չէ, այլ կարևոր է այդ փաթեթի կիրարկման արդյունավետությունն ու դինամիկան: Իսկ բանն այստեղ լոկ ուժային կառույցի ռեֆորմացիայի հանգամանքը չէ:

Ոստիկանությունը միայն ուժային կառույց, միայն օրենքի և հասարակական կարգի վերահսկողություն ու պահպանություն իրականացնող կառույց չէ: Ոստիկանությունը պետական արտաքին ծառայության առանցքային ինստիտուտ է, որը կերտում է մի կողմից պետության նկարագիր, մյուս կողմից նաև պետության արժեհամակարգային բովանդակություն, արտացոլում այդ առնչությամբ եղած խնդիրները: Այստեղ Հայաստանին թերևս ամենամոտ, նկատելի օրինակը Վրաստանն էր, որտեղ վարդերի հեղափոխությունից հետո ամենաբարեփոխված ոլորտներից մեկը ոստիկանությունն էր, ու թեև Վրաստանում ընդհանրապես հեղափոխության կապիտալիզացիան տարիներ առաջ առաջացրել է հարցեր, բերել նաև հեղափոխություն արած ուժի հեռացմանը, ու թեև ոստիկանության առնչությամբ եղել են ամենատարբեր սկանդալային դրվագներ, այդուհանդերձ կասկածից վեր է, որ ռեֆորմը եղել է անշրջելի և ձևավորել ժամանակակից վրացական պետության նկարագրի մի կարևոր մաս: Դա իդեալական նկարագիրը չէ, և խաբեություն կլինի մտածել, թե Հայաստանում, կամ որևէ այլ երկրում կարող է լինել իդեալական ոստիկանություն: Կառույցը, որն աշխատում է հանրության ամենատարբեր շերտերի ու խավերի հետ, չի կարող չունենալ վրիպումներ:

Բայց, այստեղ ամբողջ հարցն այն է, թե ինչն է բացառություն՝ վրիպումնե՞րը, թե՞ արդիական արժեհամակարգային նկարագիրը: Ամեևին չափազանցություն չի լինի ասել, որ ոստիկանությունն այդ իմաստով պետք է ձևավորի իր նկարագիրը, ու դրանով նաև՝ հանրության ու պետության, լինելով ըստ էության հայելի:
Spread the love