Պաշտոնական Թեհրանը կարձագանքի՞ Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի առնչությամբ, որի մի քանի տասնյակ մասնակիցներ Հայաստանից պահանջել են չգնալ Իսրայելի հետ հարաբերության ընդլայնման:

Հայաստանն ունի որեւէ երկրի հետ իր ինքնիշխան հարաբերությունը կառուցելու իրավունք՝ առանց որեւէ երրորդ երկրի հարցնելու կամ առանց որեւէ երրորդ երկրի դեմ քայլերի:

Իսրայելի հարցում Իրանի զգայունությունը լիովին հասկանալի է, բայց անհասկանալի կարող է լինել այն անփութությունը, որով ինչ որ ուժեր վերաբերում են Հայաստան-Իրան հարաբերությանը: Ովքե՞ր են այդ ուժերը:

Այն, որ ռեգիոնում քիչ չեն հայ-իրանական հարաբերության քաղաքական խնդրի սպասողները, կասկածից վեր է: Նրանցից ո՞վ ունի հասանելիություն իրանյան որեւէ խմբի՝ երկրի մայրաքաղաքում հակահայկական թեկուզ փոքրաթիվ ակցիա կազմակերպելու համար: Ի վերջո, մեկը մարսելու դեպքում, հնարավոր է նաեւ ավելի մեծի տարբերակը:

Այդ համատեքստում հետաքրքիր թեմա է Իսրայելում, որտեղ խոսում են Երուսաղեմի հայկական թաղամասում անշարժ գույք ձեռք բերելու Թուրքիայի ջանքերի մասին, դիտարկելով դա թուրքական ազդեցության ընդլայնման մեխանիզմ: Իսրայելը տեսնում է այդ հարցում հայկական «փափուկ ուժի» զսպող դերն ու ողջունում այն: Այդ մասին Արմինֆոյի հետ զրույցում ասել է հրապարակախոս Ավիգդոր Էսկինը:

Երեւանը 2019 թվականի սեպտեմբերին կայացրել է Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշում:

Հայաստան-Իսրայել հարաբերության, գործակցության ընդլայնումը կարող է մտահոգել Թուրքիային, նաեւ Ադրբեջանին, որովհետեւ այդ գործակցությունն ընդլայնելու է Հայաստանի արտաքին քաղաքականության ռեգիոնալ դիապազոնը: Ընդ որում հատկանշական է, որ Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշումը կայացվել է Եթովպիայում էլ դեսպանատուն ունենալու որոշման հետ զուգահեռ:

Միաժամանակ, Իսրայելը Եգիպտոսի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ քննարկում է հակաթուրքական դաշինքի հարցը, որի առանցքում Թուրքիայի միջերկրծովյան զսպման խնդիրն է: Երեւանն այստեղ ունի միջնորդավորված ներկայություն՝ Կիպրոսի եւ Հունաստանի հետ 2019-ի մարտին նախաձեռնած եռակողմ ձեւաչափով: Միեւնույն ժամանակ, Հայաստանը հայտարարել է իր հետաքրքրությունների ռազմա-քաղաքական լայն շրջանակի մասին, որը ներառում է նաեւ Լիբիայում առկա իրավիճակը:

Պաշտոնական Երեւանը օրերս աջակցություն հայտնեց Լիբիայում կողմերին խաղաղ բանակցության սեղանի շուրջ նստելու Եգիպտոսի կոչին ու միջնորդական հայտին: Դա թերեւս չի մտնում Թուրքիայի պլանների մեջ: Իսկ դա նշանակում է, որ թուրքական ռազմավարության մեջ տեղավորվելու է իր շուրջ ձեւավորվող օղակն անընդհատ թիրախավորելու խնդիրը, այդ թվում հայկական ուղղությամբ:

Ի վերջո, Անկարան արձանագրել է, որ թուրքական պետականությունը գործնականում գտնվում է հայկական հարցի ականի վրա, որն ունակ է պառակտել Թուրքիան: Անկարան ըստ ամենայնի փորձելու է ի պատասխան ականներ տեղակայել Հայաստանի շուրջ, ինչպիսին կարող է լինել հայ-իրանական ուղղությունը:  Այդպիսով նաեւ կլուծվի Իրանին թուլացնելու հարց:

Կապ ունի՞ Անկարան Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց ակցիայի հետ: Պաշտոնական Թեհրանին թերեւս շատ կարեւոր է որեւէ կերպ ասել, որ այդ ակցիան որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ Իրանի քաղաքականության հետ եւ որեւէ կերպ ռիսկի ենթարկել հայ-իրանական հարաբերությունը: