Իմ սերնդի հիշողությունը հոշոտող ու ոչնչացնող մի թևավոր դարձած արտահայտություն կար.

“Երկիրը դմակ՝ տղեն դանակ”։

Հոշոտող, որովհետև դիվային ու վիրավորական բան կար 301 թվականին Քրիստոնեությունը, որպես հավատք, ուսմունք և ուղիղ ճանապարհ, աշխարհում առաջինն ընդունած հայերիս համար։

Ճիշտ է, մենք այդ ժամանակ ապրում էինք տարբեր ազգությունների մի մեծ ընտանիքում, որտեղ սահմանադրորեն պետությունը իր մեծ կաթսայի մեջ լցրած ազգությունների ճակատին դրոշմել էր ա թ ե ի ս տ բառը, այդ կերպ փորձելով Ինտերնացինալիզմի շուքի տակ կտրել նրանց իրենց արմատներից, թույլերին ու տականքներին դարձնելով սեփական արմատն ու ծիլը լափող անհայրենիք վիժվածք… բայց սա արդեն թույլատրված, արձանագրված ու հաստատված փաստ է բոլոր ատյաններում..

Իսկ դանակ-տղեքը, Սովետի երկայնքով մեկ վայրուվերում ու յուրաքանչյուրն իր շրջապատի զորությամբ կտրում և ուտում էին դմակից, ու որքան շատ էին ուտում, այնքան ավելի էին ախորժակավորվում և անցնում ռուբիկոնը, և այդ դեպքում պետությունը բռնում էր նրանց ու կոխում “ծակը”(բանտը)։

Այդ արտահայտության ու սովորույթի հետևորդները քաղձկեղի մետաստազների պես տարածվել էին ամբողջ կայսրության մեջ, և մեզանում էլ քիչ չէր այդպիսիների քանակը, ովքեր շատ հաճախ արդարանում էին, իբր մեծ երկրի “դմակից” են կտրում ու մեր երկիրն էլ ցավոտ չպիտի տանի, ընդհակառակը…

Ցավոք այդ վարակը իներցիոն օրենքներով շարունակվեց նաև անկախացած Հայաստանում։ Դմակին սեփական դանակով հասնելու կիրքը և՜ երեկ, և՜ այսօր էլ ապրում է շատերի ժանգոտած ուղեղներում, ովքեր մեզանում, անհիմն անիծված, Մարքսի “Կապիտալ” – ի, բիզնես մշակույթ- ուսմունքի վերնագիրը հեռվից հեռու լսելուց բացի, ուրիշ ոչնչից տեղյակ չեն, թե հնագույն, թե նորագույն բիզնես-տեսություններից, բայց հասցրել են սերունդներ կրթել ու փչացնել վայրենի թալանի իրենց փորձառությամբ։

Դեպքերի բերումով հին ժամանակ ձեռք բռնողն էլ, “ծակը կոխողն” էլ, գողունի չափն ու սահմանը որոշողն ու թույլատրողն էլ՝ Մոսկվան էր, և գոյություն ուներ, ներքին, չգրված մի օրենք ու բոլորը, մի մասը՝ գիտակցաբար, մյուսը՝ բնազդաբար, ենթարկվում էին այդ օրենքին՝ մնալով թույլատրված չափի մեջ, առաջին քարտուղարից սկսած՝ մինչև շրջկոպի պահեստապետ ու ամենափոքրիկ կոլխոզի նախագահ, էլ չեմ ասում դատախազների, դատավորների, միլպետների ու մնացած մենձուպուճուր չինովնիկների մասին…

Մեր անկախության շեփորի ղողանջի հաղթանակից հետո չափ ու սահմանը տարին տարու վրա կորավ՝ իսկ վերջին քսան տարվա օրօք, չափ ու սահման դարձավ հովանավորի թևի երկարությունը, թիկունքի լայնությունը, զբաղեցրած աթոռի մեծությունը և մոռացվեց “ծակի” նկատմամբ վախը ու զլեցին ախորժակով տղերքը զուռնա-դհոլը, ու սկսվեց դանակներով պարը, ու վրա ընկան իմ ու ձեր մայր հայրենիքի միս ու արյունին, կտրեցին ու կերան, կտրեցին ու կերան, կտրեցին ու կերան…
Եվ քանի որ այդ հայրենիքի մեծ մասը դեռ հարյուր տարի առաջ էր թշնամին կերել ու տակը շատ քիչ բան էր մնացել, սրանք գիշեր ու զօր էին ուտում, որ հանկարծ ուրիշներին՝ այդ թվում նաև մեր ու իրենց թոռներին, ծոռներին, բան չմնա…

Մի պահ եկավ, որ թվում էր, թե էլ պրծում չկա. երկրի միսն ու արյունը կերել, կաշին ու ոսկորն էին թողել, այսինքն կմախքը և իմ ու ձեր հայրենիքն էլ, էսօր-էգուցն էր ընկել, հոգեվարք էր ապրում…
Բայց որովհետև ի սկզբանե էր Բանը, և Բանն էլ Աստված էր, իսկ մեր հայրենիքն ու մենք էլ Նրա ստեղծագործությունն էինք, ու թե հանկարծ էս տարածքում տեղաբնակ ժողովուրդը՝ այսինքն հայերս, չմնայինք, կնշանակեր, որ աշխարհքի վերջը եկել է… Բայց քանի դեռ չէր եկել աշխարհքի վերջը, Արարիչը ձեռքը մեկնեց Տապանն իր ուսերին առած Լեռան փեշերին ու փրկվելու նշան ու շանս տվեց և եղավ այն, ինչ որ պետք է լիներ ու չարը գնաց՝ ընդունելով իր սխալը, բարին էլ եկավ , որ տաս միլիոնանոց Հարություն առած Հայությունն էր…

Բայց բարին չպատժեց չարին, քանի որ նա բարի էր ծնվել և հույս ուներ ու երազանք, որ չարը կսրբի “արնոտ” բերանն ու կփոխվի, իսկ նա(նրանք), որ չար էր(էին) ծնունդով և արյամբ, այսինքն գեհենի բորենիներ էին ի սկզբանե, երբ տեսան, որ իրենց ոչ արտաքսում են, ոչ դատում են, ոչ ծակն են կոխում, ոչ կախում են… հավաքվեցին ու հրապարակավ հայտարարեցին.

-Հե՛րն է լ անիծած, միսն ու արյունը պրծել է սրանց Հայրենիքի, բայց հո կմախքը կա, եկեք կմախքն ուտենք ու մենք էլ պրծնենք, իրանք էլ։
Ու սկսվեց նորից լափի ու լափամանի կռիվը և այս անգամ արդեն ավելի դաժան, ավելի մեծ դանակներով, ավելի անհագ ախորժակով, և կմախքը, այսինքն՝ մենք, որ հարություն էինք առել լեթարգիական քնից ու հոգևոր մահից, նախ զարմացանք սրանց լկտիությունից ու մտածողությունից, հետո փորձեցինք պաշտպանվել մեր բարության թևիկներով, ով ոնց կկարողանար, քանզի պետությունն իր ճակատին դրոշմել էր բարի լինելու փաստը և Եվրոպաներում խոստացել էր, ինչ էլ անեն, ինչ էլ չանեն.. բ ա ր ի է մնալու Աղավնու և Օձի այս հավերժ մենամարտում, մոռանալով վերջին 20 տարվա ընթացքում կատարված բազմաթիվ սպանությունները, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը…

Դե նման դեպքում իմաստուն, փորձառու կամ Վանգա լինել պետք չէ, կարող ենք բավարարվել վկայի կարգավիճակով և արձանագրել՝ մարտնչող կողմերից մեկը Բ Ա Ր Ի Աղավնի է՝ մյուսն էլ Օձ է, որը սողալով կյանքը փրկել է ու հիմա կռվում է գողացածը փրկելու և լափամանը ետ գրավելու համար… Եվ դրա համար էլ վրա է ընկել մեր էս տասը միլիոնի մսին ու արյունին…

Հ.Գ. Էս է վիճակը, դու հիմա գնա ու մտածի, իմ սիրտ, իմ հոգի, իմ հայրենիք, իմ միս ու արյուն, իմ տասը միլիոն հայություն ջան, գնա՛ ու գտի՛ր գլխիդ ճարը, եթե չես ուզում Մովսես Խորենացուց, Խաչատուր Աբովյանից ու Հովհաննես Թումանյանից հետո հերթական “Ողբը” հեղինակես, այս անգամ վախենամ վերջին անգամ…

Նհենց որ, եթե քո մեջ չի մեռել երկրի տիրոջ գենետիկ բնազդը, առանց վարանելու, առանց սպասելու Բրյուսելի կամ Վաշինգտոնի, Մոսկվայի կամ Փարիզի դաբրոին, վերցրու վիժուկի ձեռքից արյունոտ դանակն ու դրանով իսկ պոկիր նրանց կոռուպցիաից հաստացած ու թևավոր ստերից ճարպակալած “դմակը” ու վերջակետ դիր այս աբսուրդին։

Վանուշ Շերմազանյան
արձակագիր
Երևան. 01. 06. 2020թ.

Spread the love