Hayastan

Փաստահավաք խմբի նախաձեռնությունը, որի մասին օրինագիծը ներկայացվելու է Ազգային Ժողով, նախատեսում  է 1991-2018 թվականների մայիս ժամանակահատվածում կատարված անօրինականությունների, ունեզրկումների, մարդու իրավունքի այլ խախտումների ուսումնասիրություն, որի արդյունքում կայացվելու է եզրակացություն:

Նախաձեռնության նպատակը մի կողմից բավականին պարզ է, մյուս կողմից` բավականին անորոշ: Անորոշ այն առումով, որ նկատելի չէ, թե ինչ խնդիր է լուծելու այն, որն է լինելու շոշափելի արդյունքը: Եթե դա հանրային համերաշխությունը, կամ անցյալի հետ հաշտեցումն է, ապա հազիվ թե Փաստահավաք խումբը լինի դրա արդյունավետ մեխանիզմ: Որքան շատ փաստեր ուսումնասիրվեն, այնքան շատ անհաշտություն է առաջանալու տեղեկատվա-քարոզչական դաշտից մինչեւ քաղաքական:

Աներկբա է, որ Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է լուծի անցյալի խնդիրը, ազատվի այն բեռից, որը քաշում է եւ ակնհայտորեն խանգարում գնալ առաջ: Սակայն, չի գտնվում դրա լուծման մեխանիզմը: Հանրային տարբեր շերտեր այդ լուծումը տեսնում են սեփականության վերաբաշխումը, ազատազրկումները, նոր ունեզրկումները: Ընդ որում, այդ պահանջները մի զգալի մասով արդարացի են: Մի զգալի առումով հենց այն մարդիկ, որոնց հարց ունի հանրությունը, իրենք են իրենց ցինիկ վարքագծով էլ ավելի խթանում այդօրինակ լուծման տրամադրությունները:

Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ հնարավոր է ունեզրկել, բանտարկել, հետ բերել որոշակի ռեսուրս, վերաբաշխել եւ այլն, բայց դա չի լուծելու խնդիրը: Որովհետեւ Հայաստանի անցյալը այլեւս զգալիորեն նաեւ այլ երկրների ներկայում եւ ապագայում է, այսինքն Հայաստանից դուրս, այլ տեղերում բաժնեմասերի, սեփականությունների, գործընկերային այլ հարաբերությունների մեջ: Եվ այն շարունակելու է իբրեւ անցյալ ծավալվել Հայաստանում, այս անգամ դրսից:

Հետո Հայաստանը սկսելու է լուծումներ փնտրել դրսում: Եվ ստանալու է պահանջներ դրսից, այն երկրներից, որոնց ձեռքին է լուծումների որոշակի իրավական մեխանիզմ, առանց որի հնարավոր չէ:

Մինչդեռ հույժ կարեւոր է, որ այլ երկրների ներկայում ու ապագայում տեղավորվածի համար գտնվի տեղ Հայաստանի ներկայի ու ապագայի համար, հանրային համերաշխության մի բանաձեւով, որը թույլ կտա քաշել անցյալի գիծը՝ առանց դրանից այն կողմ, այսինքն անցյալում մնալու, այլ մնալով գծից այս՝ ապագայի կողմում:

Ինչպես է դուրս գալու Հայաստանն անցյալի տեղապտույտից, եթե օրինակ մեկ ֆեյսբուքյան գրառումով հնարավոր է հասարակական-քաղաքական գործընթացը վերստին տանել անցյալ: Միաժամանակ, կասկածից վեր է նաեւ այն, որ անցյալը իր ցինիզմով, անիրավությունների հանդգնությամբ, ծավալով այնպիսին է, որ հնարավոր չէ փակել պարզապես ներողամտությամբ: Առավել եւս, որ անցյալը նաեւ արյուն է:

Իրավիճակն այդ տեսանկյունից ինչ որ առումով փակուղային է, թեեւ թվում էր, որ Հայաստանում անարյուն փոփոխությունը հնարավոր դարձավ նաեւ զգալիորեն հենց այն պատճառով, որ գտնվեց հաշտեցման բանաձեւը, գտնվեց արյուն չհեղելով խոշոր հարցեր լուծելու բանաձեւը:

Դրա կարուստը Հայաստանում կարող է գոհացնել շատ քչերի, եւ գոհացնել շատերին Հայաստանից դուրս:

Spread the love