Վրաստանում օրվա տվյալով ավելացել է ընդամենը մեկ վարակակիր, այն դեպքում,երբ Հայաստանում գրանցվել է նոր ռեկորդ՝ 697 վարակակիր:

Հայաստանի և Վրաստանի ցուցանիշների համեմատությունը դարձել է արդեն տևական ժամանակի գործ, դրանով զբաղվում են գրեթե բոլորը, այդ թվում և նոր կառավարության քաղաքական ընդդիմախոսները, կամ այսպես ասած ընդդիմախոսները: Եվ այդ թվում նաև ուժեր ու մարդիկ, որոնք Հայաստանում մինչև հեղափոխությունը եղել են իշխանության պատասխանատու, ունեցել են պետական կառավարման մեծ լծակներ, երկար տարիներ:

Վրաստանի և Հայաստանի համաճարակային իրավիճակների կառավարելիության համեմատությունը հենց սկզբից թերևս խիստ պայմանական է, որովհետև համաճարակը լոկ արտահայտվող թվերը կամ թեստերը չեն, այլ բազմաթիվ մեծ ու փոքր հանգամանքներ, նրբերանգներ, և համեմատությունը համոզիչ ու հավաստի կարող է լինել միայն դրանց տիրապետելու պարագայում: Եվ հասկանալի է, որ ամեն երկիր ինքն է տիրապետում իր մոտ եղած այդ նրբերանգներին: Ավելի արդյունավետ և հաշվարկվա՞ծ է Վրաստանի կառավարումը, ավելի կարգապահ կամ լսո՞ղ է Վրաստանի հանրությունը: Գուցե այո, գուցե ոչ, չենք կարող պնդել կամ վիճարկել: Սակայն մի բանում թերևս հնարավոր է անել, եթե ոչ պնդում, ապա հստակ գնահատում:

Վրաստանն ունի առողջապահական-կանխարգելիչ-լաբորատոր առավել առաջադեմ, արդիական համակարգ, ավելի տարողունակ համակարգ, քան Հայաստանը: Եվ դա անցնող երկու տարում չէ, որ ունեցել է հարևան երկիրը: Այդ համակարգը ձևավորվել է Վարդերի հեղափոխությունից հետո, այսինքն անցնող 17 տարիների ընթացքում: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հանդեպ վրաց հասարակության մի մասն ունի շատ հարցեր, իսկ Սահակաշվիլին էլ այսօր դատապարտված է վրացական դատարանում և գտնվում է երկրից դուրս: Բայց մի հարցում թերևս ակնառու է հաջողությունը՝ առողջապահական համակարգի արդիականացում, արդիական հիվանդանոցային կարողություններ, նաև մատչելի ծառայություններ: Բավական է արձանագրել, որ Վրաստանում սրտի ստենտավորումը գրեթե կրկնակի ավելի էժան է եղել, քան Հայաստանում, և անգամ այսօր, երբ թավշյա հեղափոխությունից հետո ոլորտում եղել է որոշակի գնանկում, Վրաստանում դարձյալ գինն անհամեմատ էժան է: Սահակաշվիլու նախագահության շրջանում կառուցվել է 100-ից ավելի նոր հիվանդանոց: Միաժամանակ, ԱՄՆ աջակցությամբ կառուցվել է Լուգարայի հակահամաճարակային խոշոր լաբորատորիան, որ այդքան հանգիստ չի տալիս Ռուսաստանին: Ի դեպ, այդպիսի լաբորատորիա հետագայում ԱՄՆ-ն օգնել է կառուցել նաև Հայաստանին, սակայն վրացականն այսպես ասած առաջին ծիծեռնակն է և իր կարողությամբ ու կարգավիճակով բարձր է հետխորհրդային տարածքի մյուս լաբորատորիաներից:

Այդպիսով, վրացական այդ ձեռքբերումները համեմատում ենք Հայաստանի այսպես ասած երկու տասնամյակի կամ քառորդդարյա ձեռքբերումների հետ: Եվ դա այն դեպքում, որ Հայաստանը լինելով պատերազմող երկիր, բանակից հետո թերևս պետք է առաջինը հոգ տաներ առողջապահական կարողությունների հաստատուն ընդլայնման ուղղությամբ:

Հայաստանում մենք տեսնում ենք գործնականում հակառակ պատկերը: Անկասկած է, որ համաճարակի վիճակագրության բաղադրիչները շատ են, բայց դրանցում էական է առողջապահական համակարգի որակը, վիճակը, և Հայաստանի ու Վրաստանի տարբերությունները չափելիս պետք է նաև չափել հենց դա, և առավել ևս դա պետք է չափեն մարդիկ, ուժեր, շրջանակներ, որոնք այսօր համեմատություն են անում, բայց իրենք են երեկ եղել առողջապահական համակարգի և հանրային առողջության որակի պատասխանատուն:

Spread the love