«Հաշվի առնելով, որ Ազգային ժողովում գումարվող արտահերթ նիստն ունի 1 նպատակ` օրենսդրորեն փորձել ամրագրել ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես չի մասնակցել այս գործընթացի առաջին արարին` բոյկոտելով այն, այնպես էլ վաղը մեր խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին», Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նա ասել է, որ հունիսի 30-ին ԲՀԿ խմբակցության անդամները նույնիսկ ԱԺ շենք մուտք չեն գործի․ «Ի տարբերություն մեր որոշ գործընկերների, որոնք, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդեն հունիսի 22-ին հանդիսանալով Covid-19 վարակակիր, անհրաժեշտ ձայներ ապահովելու համար այդուհանդերձ մասնակցել են Ազգային ժողովի նիստին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից շատերը, լինելով կոնտակտավոր, ցուցաբերում են բարձր սոցիալական պատասխանատվություն յուրաքանչյուր քաղաքացու, Ազգային ժողովի յուրաքանչյուր աշխատակցի և մեր հայրենակիցների հանդեպ, ձեռնպահ ենք մնում վաղը ոչ միայն հրավիրվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցելուց, այլ նաև Ազգային ժողովի վարչական տարածք մուտք գործելուց»:

Արման Աբովյանի գրառումն իհարկե շատերը կորակեն դեմագոգիայի ու երեսպաշտության դրսեւորում ԱԺ նիստին չմասնակցելու երկու պատճառների տեսակետից էլ, մասնավորապես, երբ բողոքի ցույցեր էին անում դատարանի մոտ, առանց որեւէ կանոն պահպանելու, որից հետո հայտնի դարձավ թե Ծառուկյանի ընտանիքում, թե խմբակցությունում վարակվածների մասին: Սակայն Արման Աբովյանն անշուշտ ինտելեկտուալ է, եւ խնդրին տվյալ պարագայում պետք է ելնել հենց այս կանխավարկածից:

Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանությունից դժգոհություններին, այդ իշխանությունը փաստորեն դրական է ազդել ԲՀԿ-ի վրա: Այս կուսակցությունը փորձում է քաղաքականությամբ զբաղվել, ընդ որում՝ սահմանադրականության ծիրում: Մի կողմ թողնենք մոտիվացիան, թե ինչն է ստիպել զբաղվել դրանով, օրինակ՝ կուսակցության «բարոյազրկումը» ԱԱԾ բացահայտումներով, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելը եւ այլն:

Սակայն ամենակարեւորը՝ ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել «սահմանադրական կարգի տապալման գործընթացին»: Արման Աբովյանը չի նշել՝ արդյոք միայն այս դեպքում, երբ իշխանությունը փոխում է օրենքները ՍԴ կազմի հարցը լուծելու համար, թե՞ այլեւս չի մասնակցելու նման գործընթացների: Ամեն դեպքում, ինքնին հրաշալի է, որ ԲՀԿ-ն որոշել է չզբաղվել դրանով, ինչպես իր նախորդ շրջանում, երբ այդ կուսակցությունը մի քանի անգամ մասնակցել է սահմանադրական կարգի տապալմանը՝ ընտրական մեխանիզմների ոչնչացման, ընտրակաշառքի, կոալիցիաների մեջ մտնելու եւ այլնի միջոցով:

Արման Աբովյանի քաղաքական խոստումն ամբողջական եւ լիարժեք կլիներ, եթե նա հայտարարեր, որ ԲՀԿ-ն ընդհանրապես դուրս է գալիս քաղաքական ասպարեզից: Այդ կուսակցության նշանակությունը հանրային-պետական խնդիրների տեսակետից այդպես էլ անհասկանալի է մնում, փոխարենը ԲՀԿ-ն մասնակցում էր ոչ միայն հակասահմանադրական գործընթացներին, այլեւ գլխավորում էր ոչ իշխանական կոչված եռյակը, որի գործունեության արդյունքը Հայաստանի միջազգային մեկուսացումն էր երկիրը ԵՏՄ-ին բռնակցելու եւ հայ-ռուսական խայտառակ պայմանագրեր կնքելու միջոցով: Երբ այդ նպատակն իրականացավ, Մոսկվան նրանց անվանեց «կլոուններ, որոնք ուզում են իր միջոցով իշխանության գալ»:

Հիմա էլ ԲՀԿ-ն գլխավորում է մեկ ուրիշ եռյակ, որի հռետորաբանությունից երեւում է, որ խնդիրները շատ չեն փոխվել:

Spread the love