Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձավ երեկ իր հայտարարած ֆլեշմոբին և դրա արձագանքին, թե ինքը մեղավորներ է փնտրում ստեղծված իրավիճակի համար։

«Իհարկե, ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է գտնել, որովհետև ես ինքս էլ վարակվել եմ և իմ ընտանիքին վարակել եմ կորոնավիրուսով, հետևաբար՝ ո՞ւմ վրա պետք է գցեմ այդ մեղքը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ մոնիթորինգի, ամենամեծ խնդիրը բանկային համակարգն է և Հայփոստը. «Այսօր ես այս մասին խոսակցություն եմ ունեցել Կենտրոնական բանկի նախագահի հետ, հանձնարարական եմ տվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Բայց ես չեմ հասկանում՝ մեր «պլան Ա»-ն ո՞րն է՝ որ մենք ոստիկանական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք։ Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր է ինքը այդ հարցը լուծի»։ Վարչապետը անդրադարձավ նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության ընդունելությունից տարածված լուսանկարին. «Այդ երդմնակալությունը տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում։ Մենք հիմա, որ խոսում ենք բանկերի կուտակումների մասին, խոսում ենք ոչ թե ճաշակի մասին, այլ խոսում ենք կարգը, կանոնը, օրենքը խախտելու մասին։ Արցախում, Շուշիում ոչ մի օրենք չի խախտվել։ Այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիներն են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ առողջապահական խնդիր չի սա, որովհետև առողջապահությունը ինչ կարողանում է անում է, մի բան էլ ավելի։ Սա կարգուկանոնի խնդիր է։ Եվ ի՞նչ ես, որ հեղափոխությունով, խոսքով, հաղորդակցությունով Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ դարձել, հիմա պիտի սպեցնազը հանե՞մ և ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ։ Ես ո՞նց անեմ տենց բան։ Ես սովոր չեմ, ես հաղորդակցության ուրիշ մշակույթով եմ եկել»։

Spread the love