ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվել են Մանվել Գրիգորյանի եղբորորդիներ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն ու նրա եղբայր Զարզանդ Գրիգորյանը:

26 տարի առաջ՝ 1994 թվականի ապրիլին Արմավիրի մարզում սպանվել է Էջմիածնի 36-ամյա բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանը:

Այդ սպանության համար ժամանակին մեղադրվել է Մանվել Գրիգորյանի  եղբորորդի, հետագայում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:

Արարքը վերաորակվել է որպես զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում կատարված անզգույշ սպանություն:

Հրանտ Գրիգորյանը դատապարտվել է 1 տարի 3 ամիս ազատազրկման: Ամբողջ պատժաժամկետը նա չի կրել, ազատ է արձակվել մի քանի ամիս անց:

Տարիներ անց Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, հոր սպանության գործի վերաբացում է պահանջել:  Նա հաղորդում է ներկայացրել սպանության գործով նոր ի հայտ եկած հանգամանքի՝ ընտանեկան արխիվում հայտնաբերված կարևոր փաստաթղթի մասին…

Զինդատախազը բողոք է ներկայացրել՝ պահանջելով նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով բեկանել 26 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճիռը, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2020 թվականի մարտին վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է զինդատախազի բողոքը՝ բեկանվել է երկու տասնյակ տարի առաջ կայացված դատավճիռը, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրանտ Գրիգորյանի պաշտպանական կողմը: Գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:

Սպանության զոհ դարձած Մհեր Պողոսյանի որդին, որը գործը վերաբացելու նախաձեռնողն է, հայտարարություններ է արել Հրանտ Գրիգորյանի կողմից իրեն ահաբեկելու, գումար առաջարկելու մասին, որպեսզի ինքը լռի ու չշարունակի պայքարը:

Ըստ Հրանտ Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ Հրանտ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պնդելով, թե Էդուարդ Պողոսյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

Նշվածի շրջանակներում էլ Հրանտ Գրիգորյանն ու նրա եղբայր Զարզանդը հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննվել են:

Սպանության զոհ դարձած Մհեր Պողոսյանի որդի Էդուարդ Պողոսյանը նշել է, որ իրեն տեղեկություններ են հասել, թե Գրիգորյանները փողով իրենց հարցը իրենց ուզածով լուծելու են: Էդուարդ Պողոսյանը, սակայն, վճռականություն է հայտնել  հոր սպանությունը լիարժեք բացահայտելու համար պայքարը շարունակելու, չլռելու հարցում՝ ասելով, թե  չի տրվելու սադրանքներին, չի համաձայնելու այլևայլ առաջարկներին:

«Ես գնալու եմ մինչև վերջ»,- ասում է Էդուարդ Պողոսյանը:

Spread the love