«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական օրենսգրքի նախագծից հետո կառավարությունը խորհրդարան է ուղարկել նաև Քրեադատավարական օրենսգրքի նախագիծը:

Նախորդ նախագիծն ընդունվել էր 1998թ. և ուժի մեջ մեջ մտել 1999թ. հունվարից: Կառավարությունը նախընտրում է ոչ թե փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող օրենսգրքում, այլ մշակել է ամբողջովին նորը: Ըստ կառավարության՝ դրա պատճառը գործող օրենսգրքում առկա հակասություններն են:

Մասնավորապես՝ հնից հրաժարվելու և նորը ընդունելու հիմնավորման մեջ ասվում է, որ միայն «Սահմանադրական դատարանը երկու տասնյակից ավելի որոշումներով Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենսգրքի տարբեր նորմեր, որոնք վերաբերում են քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելուն, կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, պաշտպանի իրավունքներին, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդությունների քննությանը, բողոքարկման ժամկետներին և կարգին, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորություններին, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին»:
Spread the love