Paruyr Hayrikyan

Գազի գնի շուրջ հայ-ռուսական քննարկումներն ու անհամաձայնությունը Հայաստանի հանրության, քաղաքական շրջանակների, փորձագետների համար դարձել են 2013 թվականին կնքված գազային համաձայնագիրը հաճախ հիշելու առիթ:

Այդ համաձայնագիրը Հայաստանը փաստացի Գազպրոմին հանձնելու մասին է, եւ շատերն են արդարացիորեն արձանագրում, որ գազի գնագոյացման խնդիրը կարող է հիմնարար լուծում ստանալ միայն պայմանագիրը չեղարկելու, կամ առնվազն դրա մի շարք դրույթներ վերանայելու պարագայում:

2013 թվականն այդ իմաստով ընդհանրապես Հայաստանի համար վճռորոշ տարի էր, դժբախտաբար ամենեւին ոչ դրական իմաստով: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին եղավ ԵՏՄ անդամակցության մասին հայտնի հայտարարությունը, գիշերային շրջադարձով:

Գազային պայմանագրի, ԵՏՄ գիշերային շրջադարձի համար սուր քննադատության են արժանանում Սերժ Սարգսյանը, պայմանագրին կողմ քվեարկողները: Գործնականում սակայն, այդ ամենի պատասխանատվությունն ընկնում է նաեւ ժամանակի ընդդիմության կամ ոչիշխանական կոչված բեւեռի վրա, որը մեծ հաշվով կամա, թե ակամա ստանձնել էր Հայաստանի ինքնիշխանության, միջազգային սուբյեկտության եւ ըստ այդմ ազգային անվտանգության դեմ իրականացվող խոշոր ռազմա-քաղաքական ռուս-թուրքական պլանի հանրային լեգիտիմությունն ապահովողի դերը:

Ավելին, այն, որ Հայաստանին պարտադրվում էր այդպիսի պայմանագիր, կամ գիշերային շրջադարձ, վկայում էր, որ Սերժ Սարգսյանի մակարդակում դիմադրություն այդուհանդերձ կար, այլապես չէր լինի պարտադրանք: Իսկ պարտադրման հարցում եւս, իր էական՝ կամա, թե ակամա դերն ունեցավ ոչիշխանական կոչված բեւեռը:

Սակայն հանրային հիշողությունից դուրս է մնացել եւս մի առանցքային դրվագ, որով սկսվեց 2013 թվականը, որի ընթացքում տեղի ունեցածն էլ բացեց Հայաստանի ու Արցախի դեմ 2016-ի ադրբեջանական ագրեսիայի հասունացման ճանապարհը:

2013-ի փետրվարի 2-ին՝ նախագահի ընտրության նախընտրական գործընթացի ժամանակ տեղի ունեցավ մահափորձ թեկնածուներից մեկի՝ Պարույր Հայրիկյանի դեմ: Այդ մահափորձը կազմակերպելու համար մինչ այժմ բանտում է այդ ժամանակ մեկ այլ թեկնածու՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը խորհրդավոր էր: Ինչու՞ կրակել մի գործչի վրա, որը ներքաղաքական ընթացիկ կյանքում ամենեւին ամենամրցունակներից չէր: Եվ հենց դա հիմք էր տալիս եզրակացության, որ ընտրված թիրախը խորհրդանշական էր, հաշվի առնելով Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կենսագրական, արժեհամակարգային, գաղափարական այն պաշարը, որ կրում եւ խորհրդանշում էր Հայրիկյանը: Ու չնայած նրա հետագա քաղաքական գործունեության հանդեպ հանրության հակասական վերաբերմունքին, գոնե այդ պաշարի առումով Հայրիկյանի խորհրդանշականությունը թերեւս կասկածի ենթակա չէր:

2013 թվականը սկսվեց այդ խորհրդանշական թիրախի վրա կրակոցով, ընդ որում բավականին առանձնահատուկ նախագահական ընտրարշավի ընթացքում, որին մասնակցելուց հրաժարվեցին ոչիշխանական բեւեռի մի քանի առաջնորդներ:

Կրակոցից ժամեր անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան տեսակամուրջի ընթացքում հայտարարեց, թե չի կարծում, որ դա մահափորձ էր: Ընդամենը ժամեր անց: Իսկ մահափորձը եղել էր Բորդյուժայի Երեւան այցի ժամանակ: Ինչպե՞ս է հնարավոր, որ այդքան հմուտ ու բազմափորձ մարդը թույլ տա այդպիսի միամտություն՝ կրակոցից ժամեր անց գնահատել՝ տեղի ունեցածը մահափորձ էր, թե ոչ:

2013-ը Հայաստանի համար իսկապես շրջադարձային եւ ճակատագրական տարի էր, ու այսօր թե ներքին քաղաքական, թե արտաքին միջավայրում եւ այդ թվում հայ-ռուսական հարաբերության տիրույթում զարգացումների հնարավորինս ամբողջական դիտարկման հարցը պահանջում է գնալ բավականաչափ հետ, շատ պատճառահետեւանքային իրողություններ շոշափելու եւ ներկայի ու ապագայի հեռանկարով հետեւություն անելու համար:

Spread the love