Կառավարությունն այսօրվա նկստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման ծրագիրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատաշուկայի դժվարությունների պատճառով սոցիալական խնդիրների առաջ կանգնած ՀՀ քաղաքացիներին։

«Միջոցառման շահառու են հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր առնվազն 85 աշխատանքային օր աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին  անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերության մեջ են գտնվել գործատուի հետ՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարիտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի։ Այս ցանկում կան բացառություններ, հիմնականում դրանք վերաբերում են վարկային կազմակերպություններին, գրավատներին, ապահովագրական ընկերություններին»,- ասաց նախարարը։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն  աշխատավարձի չափով։ Այս աջակցությունից չեն կարող օգտվել նաև այն անձինք, ում աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով  աշխատանքային պայմանագիր է ունեցել այլ գործատուի հետ կամ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր։ Բացառություն են այն անհատ ձեռնարկատերերը, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի մեկից։ Այս միջոցառումից չեն կարող օգտվել նաև հակաճգնաժամային 20-րդ ծրագրի շահառու հանդիսացած անձինք։

Վճարումը բացառապես անկանխիկ եղանակով է լինելու։ Վարչապետն ասաց, որ այս միջոցառումը պայմանավորված է նրանով, որ մի քանի օր առաջ արձանագրել են, որ Հայաստանում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում ավելի քան 70 հազար աշխատատեղ փակվել է։ «Եվ մայիսին այդ 70 հազար աշխատատեղերից 50 հազարը վերականգնվել է կամ բացվել։ Արդյունքում՝ մենք արձանագրեցինք, որ մոտ 20 հազար քաղաքացիներ կան, ովքեր կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են և նոր աշխատանք չեն գտել։ Եվ մենք որոշեցինք այդ քաղաքացիներին հատկացնել աջակցություն։ Մենք հույս ունենք, որ աշխատաշուկայի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։