Hrant Bagratyan

Հայաստանյան համացանցում բուռն քննարկման, հեգնանքի, սուր և կոշտ քննադատության, ծաղրի, զայրույթի առարկա է դարձել Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մի արտահայտություն, որ նա արել է այսպես ասած՝ ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկի եթերում:

Բագրատյանը, քննադատելով ներկայիս կառավարումը, համարելով այն անարդյունավետ, ասել է, թե ինքն Ալիևի տեղը լիներ՝ կհարձակվեր Հայաստանի վրա: Այսինքն՝ Հայաստանն այնքան է թուլացած, որ Բագրատյանը համարում է Ադրբեջանի համար հարձակման լավագույն ժամանակը: Հազիվ թե արժե նախկին վարչապետ Բագրատյանին լրջորեն մեղադրել այսպես ասած՝ հակառակորդի քարոզչություն անելու, կամ ջրաղացին ջուր լցնելու և այլնի համար, թեև ուղղակի հեշտ է պատկերացնել, թե նույն այն շրջանակները, որոնք այսօր ամբիոն են տրամադրում Բագրատյանին այդօրինակ մտքերի համար, նրան ինչ կանեին, երբ այդ մտքերը հնչեին իրենց իշխանության շրջանում: Իսկ Հայաստանն այդ շրջանում, մեղմ ասած, առավել մարտունակ ու մրցունակ չէր իր կառավարման որակով, ինչում համոզվելու ցավալի առիթներ ունեցել ենք շատ անգամներ: Սակայն դա թողնենք մի կողմ, քանի որ Ադրբեջանն, իհարկե, Հրանտ Բագրատյանի խորհուրդներով չէ, որ առաջնորդվելու է որևէ հարցում, առավել ևս այնպիսի լուրջ հարցում, ինչպիսին Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ագրեսիան է: Այդ ագրեսիան պետք չէ բացառել երբեք, և մենք բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու, որ հայկական պետականությունն ու բանակը պետք է մշտապես առաջնորդվեն ամեն րոպե այդպիսի ագրեսիա սպասելու և դիմագրավելու տրամաբանությամբ, ապրեն այդ ռեժիմով, հայկական զգոնությունն ու հարվածի պատրաստակամությունը դիտարկելով հնարավորինս երկար և հնարավորինս խաղաղ ապրելու գրավական:

Հարցը տվյալ պարագայում այն է, որ Ադրբեջանի ագրեսիայի արտաքին և, իհարկե, լրջագույն վտանգի, ռիսկի, մարտահրավերի պայմաններում, հայկական պետականության համար, այդուհանդերձ, խորքային առումով համարժեք մարտահրավեր է պետք դիտարկել Հայաստանում ընդդիմադիր քաղաքական հռետորաբանության, որպես այդպիսին, իսպառ բացակայությունը: Ավելին, այստեղ լոկ բացակայությունը չէ խնդիրը, քանի որ տեսականում էլ, գործնականում էլ հնարավոր է դիտարկել այդ բացը լրացնելու հեռանկար: Բուն խնդիրն այստեղ այն է, որ այդօրինակ հռետորաբանությամբ, որ ականատես ենք լինում նախկին վարչապետի մասնակցությամբ, Հայաստանում ուղղակիորեն տորպեդահարվում է քաղաքական ընդդիմախոսության որակի որևէ հեռանկար: Անշուշտ, պետք է նկատել, որ Հայաստանում քաղաքական տեքստի ճգնաժամ է ընդհանրապես: Այսինքն՝ ամենևին չունենք իրավիճակ, երբ կառավարող քաղաքական մեծամասնությունից քաղաքական տեքստերը հորդում են, իսկ ընդդիմադիր տիրույթում չկա համարժեք տեքստային պատասխան, արձագանք:

Քաղաքական տեքստի լրջագույն խնդիր կա նաև կառավարող ուժի տիրույթում: Սակայն այստեղ կա մի նրբերանգ: Այդ դեֆիցիտը լրացնում է հեղափոխական զգայականության, պաթոսի, արմատականության կիրառումը: Այն դեռևս աշխատում է, ու մեծապես նաև հենց այն բանի շնորհիվ, որ, այսպես ասած, ընդդիմության դաշտն էլ իր, մեղմ ասած, ոչ քաղաքական տեքստերով սնուցում է այդ հեղափոխական զգայականության ու արմատականության բազան:

Մինչդեռ, այդ պատճառահետևանքային կապը կտրելը պետք է բխեր առաջին հերթին հենց այն ուժերի շրջանակից, որոնք Հայաստանում ունեն կառավարող մեծամասնության այլընտրանք, մրցակից, իշխանության ղեկը ստանձնելու հանրային քվեի հավակնորդ լինելու մտադրություն, ցանկություն: Նրանք պետք է լինեն շահագրգռված քաղաքական տեքստի բացը լրացնելու հարցում, իշխանությանը զրկելով «հեղափոխական տեքստերի» անվերջ շահարկումից ու խաղարկումից: Բայց դա չկա, և կա հակառակը: Բագրատյանն այս դեպքում միակը չէ, այլ մեկ օրինակ է ընդամենը, այն էլ գուցե փոքր: Ինչո՞ւ է տեղի ունենում դա: Իրականում չկա՞ իշխանության հավակնություն: Մեծ հաշվով՝ այո, քանի որ կա գիտակցում, որ տեսանելի հեռանկարում հանրությունը թույլ չի տա որևէ ձևով նախկին համակարգի վերադարձ իշխանության: Մնում է ստեղծել այնպիսի հռետորաբանության մթնոլորտ, որ որևէ քաղաքական հեռանկարի շանս չունենա որևէ այլ ուժ:
Spread the love