Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանն այսօր ասել է, որ դեռ չի պատրաստվում աշխատանքի գնալ Սահմանադրական դատարան։ Դատավորը չի կարող հենց այնպես աշխատել, նրան պետք է գործեր մակագրեն, բացի այդ, կորոնավիրուսի պայմաններում կարելի է նաեւ տնից աշխատել, ասել է Գյուլումյանը՝ ավելացնելով, որ հիմա աշխատավայր մեկնելու իմաստ չի տեսնում։

Սահմանադրական դատարանի շուրջ, իրոք, ոչ սովորական իրավիճակ է ստեղծվել։ Դրա վկայությունն է տեղեկությունն այն մասին, որ կարող է խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրվել, որում կարող են փոփոխություններ արվել Սահմանադրական դատարանի մասին եւ Խորհրդարանի կանոնակարգի մասին օրենքներում։ Ինչո՞վ է պայմանավորված դրա անհրաժեշտությունը։

Մի կողմից ընդունվել են սահմանադրական փոփոխությունները, ըստ որոնց, ՍԴ երեք դատավորներ, այդ թվում՝ ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, զրկվել են լիազորություններից, իսկ Հրայր Թովմասյանը դադարել է ՍԴ նախագահ լինել։ Բայց մինչ փոփոխություններն ուժի մեջ կմտնեին, Հրայր Թովմասյանն ու մեկ այլ դատավոր՝ Արեւիկ Պետրոսյանը, արձակուրդ էին գնացել։ Բնականաբար, Թովմասյանը լիազորությունները փոխանցել է իր տեղակալ Ալվինա Գյուլումյանին, որն ասում է, որ չկա ոչ մի արձանագրային ակտ, որը զրկում է իրեն լիազորություններից։

Լիազորություններից զրկելու մասին ակտն ընդունում է ՍԴ նախագահը, որը հիմա չկա։ Հավանաբար, ելնելով դրանից, խորհրդարանը մտադիր է փոփոխություն անել Սահմանադրական դատարանի մասին օրենքում եւ ԱԺ կանոնակարգում եւ իր վրա վերցնել դատավորներին լիազորություններից զրկելու պատասխանատվությունը։

Չնայած Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը տարիքով ամենամեծ դատավորին՝ Աշոտ Խաչատրյանին, ներկայացրել են որպես ՍԴ նախագահի պաշտոնակատար, ինչ-որ բան նրան խանգարում է ստանձնել լիազորությունները։

Սահմանադրական դատարանում, ինչպես այլ գերատեսչություններում, իշխանությունը մարմնավորված է պետական կնիքում։ Ու՞մ մոտ է ՍԴ կնիքը։ Ելնելով տրամաբանությունից՝ կարելի է ենթադրել, որ արձակուրդ գնալով Հրայր Թովմասյանն այն փոխանցել է Ալվինա Գյուլումյանին։ Գյուլումյանին ՍԴ Խորհրդի որոշմամբ ազատելու համար քվորում չկա։ Եվ ուրիշ ոչ ոք նրան չի կարող զրկել լիազորություններից։ Բացի խորհրդարանից։

Մինչեւ ե՞րբ Ալիվնա Գյուլումյանը կպահի կնիքը, եթե այն նրա մոտ է։ Նա ասում է, որ պաշտպանում է իր իրավունքները, բայց չի պատրաստվում պատուհանով մտնել, եթե դուռը փակ է։

Միայն խորհրդարանը կարող է ստիպել նրան հանձնել կնիքը, եթե փոփոխություն անի կանոնակարգում։ Այս փոփոխությունը, նախագահին սահմանադրական փոփոխությունները ստորագրելու պարտավորությունից ազատելու հետ միասին, կարող է հերթական հարվածը դառնալ Հայաստանում իշխանության տարանջատման սկզբունքին։

Spread the love