Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները լրջորեն ալեկոծեցին Հայաստանի՝ առանց այն էլ ոչ հանդարտ ներքաղաքական կյանքը։

Ընդդիմադիր շրջանակները, հասկանալի է, միանգամից աշխարհով մեկ աղմուկ բարձրացրին, թե երկրում սահմանադրական կարգը տապալված է, Հայաստանը որպես պետություն կործանման եզրին է, երկրում հաստատվում է բռնապետություն եւ մեկ անձի բացարձակ գերիշխանություն, եւ այսպես շարունակ։ «Բացարձակ գերիշխանության» մասով ասվածի մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա, միայն թե խոսքը ոչ թե մեկ անձի, այլ օրենքի բացարձակ գերիշխանության մասին է։

Այո, Հայաստանում իշխանությունները փորձում են օրենքի բացարձակ գերիշխանություն հաստատել, եւ դա անում են բավականին կոշտ մեթոդներով։ Ինչու՝ որովհետեւ թավշյա մեթոդներով այդ արդյունքին հասնել չհաջողվեց։ Ընդ որում՝ այնպես չէ, որ կոշտ քայլերի դեպքում դրական արդյունքը երաշխավորված է, որովհետեւ օրենքի գերիշխանության հաստատման դեմ համախմբվել են բավականին հզոր կառույցներ՝ իրենց ֆինանսական ու մեդիա ռեսուրսներով։ Մեծ հաշվով՝ համախմբվել են բոլոր նրանք, ում ձեռնտու էր նախկինում գործող «արտոնյալներին՝ ամեն ինչ, մնացածներին՝ օրենք» սկզբունքը։ Համախմբվել են, որովհետեւ եթե  օրենքի բացարձակ գերակայություն հաստատվի, իրենք այլեւս չեն կարողանա ոչ ընտրակաշառք բաժանելով խորհրդարանում հայտնվել, ոչ գաղտնի ֆինանսավորմամբ լրատվամիջոցներ պահել ու հանրային կարծիք ձեւավորել, ոչ մարդկանց զոռով քշել հանրահավաքների, ոչ հարմար գներով դատարաններից արդարադատություն կամ գոնե խափանման միջոցի փոփոխություն գնել, ոչ արտոնյալ պայմաններով բիզնես-գործունեություն ծավալել, ոչ «հաճախորդացման» միջոցով քաղաքական գործունեությունը կապիտալիզացնել… Պարզ ասած, օրենքի գերիշխանության դեպքում նրանք պարզապես պարապ կմնան՝ արդարադատության առջեւ կանգնելու խիստ մտահոգիչ հեռանկարով։ Ու հենց այդ հեռանկարն է, որ նրանց ստիպում է դուրս գալ «վերջին կռվի»։ Հիմա կամ երբեք, որովհետեւ կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարումից հետո ընդհանրապես շանս չեն ունենալու։ Մնացածը ՝ սահմանադրական կարգի վերականգնում, բռնապետության հաստատման կանխում, ժողովրդավարության համար պայքար եւ այլն, դատարկ խոսքեր են։ Շղարշ, որը պիտի քողարկի պետական հեղաշրջում իրականացնելու նրանց մտադրությունը։

Այսինքն՝ քողարկելու մասին արդեն առանձնապես չեն էլ մտածում։ Նրանցից մեկը, օրինակ, հրապարակավ հայտարարում է, թե քանի որ օրենքի շրջանակներում այս իշխանություններին փոխել հնարավոր չէ, պետք է գրավել եւ՛ Ռադիոտունը, եւ՛ Հեռուստատեսությունը, եւ՛ պետական պահպանման մյուս օբյեկտները, ու սրանց վռնդել իշխանությունից, մյուսներն ամենայն հավանականությամբ փակ դռների ետեւում հենց սրա «ճանապարհային քարտեզն» են մշակում, երրորդը խոհանոցից «հեռավար» հրահանգներ է տալիս իր քարոզչական թիմին, չորրորդը հրապարակավ «քֆուր է ուտում», որ մինչեւ վերջ կգնա…

Թե ինչով կավարտվի այս ամենը՝ դժվար է ասել, բայց առայժմ ամեն ինչ «Մկների ժողովն» է հիշեցնում. բոլորը միմյանց վճռական գրոհի նետվելու կոչեր են անում, բայց «զանգ կախողը» չկա։ Ու գիտե՞ք ինչու։ Որովհետեւ իրենք էլ շատ լավ հասկանում են, որ նախ՝ իրենց ծրագրածն անօրինական է, եւ երկրորդ՝ հասարակությունն իրենց չի աջակցի։ Դրա համար էլ մնում է միայն տեսախցիկների առջեւ հոխորտալը։ Որովհետեւ այդպես ավելի ապահով է։

Spread the love