Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը կայունացման թույլ նախանշաններ է ցույց տալիս, բայց ակնհայտ է, որ արտակարգ դրությունը չեղարկելու մասին առայժմ խոսք լինել չի կարող, ավելին՝ իրավիճակի բարելավում հնարավոր կլինի միայն պարետատան սահմանած կանոններն ավելի խստորեն պահպանելու դեպքում։

Ու այս իրավիճակում իշխանությունների դեմ «կոնսոլիդացվածներն» ու նրանց տարատեսակ խոսափողները հանկարծ հայտարարում են, թե իրականում արտակարգ դրության երկարաձգումը միայն մի նպատակ ունի՝ բողոքի զանգվածային ցույցերն արգելելը։ Փաստորեն, այն նույն մարդիկ, որոնք իշխանություններին մեղադրում էին, թե արտակարգ դրությունն ուշացումով են մտցրել, ու սահմանափակումներն էլ շատ կոշտ չեն եղել, հիմա՝ համաճարակի պիկին, իշխանություններին մեղադրում են արտակարգ դրությունը երկարաձգելու համար։ Կարելի է կարծել՝ եթե երկրում արտակարգ դրություն չլիներ, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հարյուր հազարավոր կողմնակիցներ հեղեղելու էին Երեւանի փողոցներն ու պահանջելու գործող Կառավարության հրաժարականը։

Գիտե՞ք, թե որն է այս մարդկանց հիմնական դժբախտությունը. նրանց համար փողն ու իշխանությունը փոխադարձաբար պայմանավորված են միմյանցով՝ անկախ նրանից՝ սկզբից փող են կուտակել ու միայն դրա շնորհի՞վ հասել քաղաքական բարձունքների, թե՞ հակառակը. քաղաքական բարձունքների են հասել ու դրա շնորհիվ մուլտիմիլիոնատերեր դարձել։ Իսկ հիմա նրանք հայտնվել են մի վիճակում. փողը կա, իշխանությունը վերադարձնելու ցանկությունը կա, բայց այդ փողը քաղաքական նպատակներով ծախսելու հնարավորություն չունեն (հայտնի անեկդոտի թմրամոլի պես, որը հանդերձյալ կյանքում հայտնվում է կանեփի պլանտացիաներում՝ հարյուրավոր իրպեսների կողքին, ու պարզվում է, որ ոչ մեկը լուցկի չունի)։ Չէ՛, նրանք, իհարկե, կարող են իրենց հիմնարկների աշխատողներին ցուցակագրել ու աշխատանքից հեռացնելու սպառնալիքով քշել հանրահավաքների, բայց դա շատ ռիսկային կլինի։ Ոնց էլ լինի, գաղտնիքը կբացվի, փաստերը ջրի երես կելնեն, ու կազմակերպիչները խստորեն կպատժվեն՝ մարդկանց «քաղաքական թրաֆիքինգի» ենթարկելու համար։ Առանձին ակտիվիստների կամ ֆեյսբուքյան օգտատերերի դեպքում փողը գուցեեւ օգնի (եւ օգնում է), բայց զանգվածային ակցիաների դեպքում հաստատ ոչինչ չի ստացվի։ Ու սա, իսկապես, լուրջ ողբերգություն է, որովհետեւ նախապատրաստական բոլոր աշխատանքներն արել են՝ քարոզչության վրա ահռելի միջոցներ են ծախսել ու գործող իշխանությունների հանրային աջակցության մակարդակը որոշակիորեն նվազեցրել, քաղաքական թիմեր ու խմբակներ են ձեւավորել, պետական կառավարման համակարգում մնացած իրենց հավատարիմների միջոցով ինչքան վնաս կարողացել, տվել են, անգամ կորոնավիրուսային համաճարակն են օգտագործել՝ բացարձակապես որեւէ բանով պետությանը չօգնելով ու մարդկանց օբյեկտիվ դժգոհությունները Կառավարության դեմ ուղղելով, ու մնացել է վերջին «շտրիխը»՝ շատից-քչից մարդաշատ հանրահավաքներ կազմակերպել ու դրա ծխածածկույթի տակ… Բայց՝ հենց այս վերջին «շտրիխն» է, որ ոչ մի կերպ չի ստացվելու» եւ արտակարգ դրության հետ դա ոչ մի կապ չունի։

Բայց մյուս կողմից էլ լավ է, որ այդ ուժերը «կոնսոլիդացվում են»։ Նախ՝ հասարակությունը տեսնում է, թե իրականում ովքեր են պայքարում իշխանությունների դեմ, եւ ովքեր են նրանց աջակցում արդեն բացահայտորեն, թեեւ երկար ժամանակ իրենք իրենց ներկայացնում էին որպես հեղափոխական արժեքների կրողներ։ Եվ երկրորդ՝ այդ «կոնսոլիդացիան» իշխանություններին կստիպի ավելի լրջորեն մոտենալ ներքաղաքական հարցերին եւ ավելի եռանդուն կատարել այն խոստումները, որ տվել են հեղափոխության օրերին։ Այնպես որ՝ մնում է միայն սպասել արտակարգ դրության ավարտին։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •