Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը կհեռանա Մերձավոր Արեւելքից, կպարտվի Արեւելյան Միջերկրականում եւ չի կարողանա մտնել Սեւ ծով, գրում է Ջումհուրիյեթ թերթը ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ։

100 տարի Թուրքիան ու Ռուսաստանը փորձում են համատեղ վերահսկողություն պահպանել տարածաշրջանում, եւ հիմա, երբ աշխարհն աչքի առաջ փոխվում է, եւ պետական սահմանների նախկին պայմանագրային բազան դառնում է հեղհեղուկ, Անկարան ու Մոսկվան նորից ձգում են միմյանց, ինչպես 100 տարի առաջ։

«Պատերազմի բյուջեն ապահովելու համար Մուստաֆա Քեմալը դաշինք է կազմել բոլշեւիկների հետ եւ նրանցից ստացել ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական աջակցություն։ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հրապարակած փաստաթղթերի մի մասը նվիրված է հենց այդ օգնությանը։ Սրանք պատմական փաստաթղթեր են ռազմական օգնության մասին, որը բոլշեւիկները ցուցաբերել են քեմալականներին՝ 10 միլիոն ոսկեռուբլի, որը փոխանցվել է երկու խմբաքանակով, երկու մարտանավ, 22 ինքնաթիռ, 33 հազար ինքնաձիգ, 327 գնդացիր, 54 հրետանային զենք, 58 միլիոն փամփուշտ․․․», – գրում է Ջումհուրիյեթը։

Թուրքիայում չեն թաքցնում, որ ռուս-թուրքական բարեկամությունը կառուցվում է հայերի շահերի վրա։ Վերլուծաբանները բաց ասում են, որ Մոսկվան կարող էր 100 տարի առաջ կանգնեցնել հայկական հողերի բռնակցումը Թուրքիայի կողմից, բայց չի արել։

«Թուրքական պատվիրակության հետ բանակցություններից հետո Ստալինը Լենինին շատ կարեւոր հեռագիր է ուղարկում՝ ընկեր Լենին, միայն երեկ իմացա, որ արտաքին գործերի կոմիսար Չիչերինը թուրքերին հիմար ու սադրիչ պահանջ է ներկայացրել Վանի, Մուշի եւ Բիթլիսի մաքրման մասին՝ հօգուտ Հայաստանի։ Հայկական իմպերիալիստական պահանջները չեն կարող լինել մեր պահանջները։ Պետք է արգելել Չիչերինին հայերի ազգայնական տրամադրությունների թելադրանքով նոտա ուղարկել թուրքերին», – հիշեցնում է թերթը փաստաթղթային տվյալները։

100 տարի առաջ ռուս-թուրքական դաշինքը թույլ չտվեց կյանքի կոչել Վիլսոնի արբիտրաժը։ 100 տարի հայ-թուրքական սահմանը որոշվում է ռուս-թուրքական պայմանագրերով, իսկ սահմանը հսկում են ռուս սահմանապահները։

Spread the love