Հայաստանի ներքաղաքական զարգացումներում արտաքին մոտիվների վերաբերյալ դիտարկումները հաճախ են արժանանում հարցի, թե ինչ կապ ունի արտաքինը, օրինակ, Ռուսաստանը, երբ խոսքը հայաստանյան ներքին քաղաքական զարգացումների մասին է:

Այդ հարցադրումները առնվազն տարօրինակ են, առավել ևս երբ խոսքը քաղաքական զարգացումների մասին է: Ընդհանրապես, նախ, թերևս, հարկ է սկսել այն իրողությունից, որ ներքին և արտաքին քաղաքականություն ասվածը հարաբերական և փոխկապակցված է անգամ ուժային կենտրոնների և գերտերությունների պարագայում: Օրինակ՝ Թրամփը կամ Պուտինը ԱՄՆ-ում կարող են ունենալ ներքին քաղաքական հարցեր և փորձել դրա վերաբերյալ լուծումներ գտնել արտաքին ուղղության վրա: Այդ հանգամանքը քաղաքականության այբուբենի այնքան պարզ շարք է, որ թվում է, թե ավելորդ է անգամ կրկնելը: Եվ ավելորդ է կրկնելն անգամ Հայաստանի պարագայում, որտեղ ներքաղաքական կյանք՝ որպես այդպիսին, բովանդակային առումով չի եղել և առայժմ չկա: Հայաստանյան ներքաղաքական աշխուժությունները պայմանավորվել են առավելապես արտաքին հանգամանքներով, խնդիրներով ու մոտիվներով: Իսկ այստեղ գլխավոր աղբյուրն, անշուշտ, Ռուսաստանն է, մի շատ պարզ պատճառով:

Մոսկվան մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով Հայաստանում ունի ահռելի ազդեցություն, որ ձևավորված է տասնամյակներով: Այդ իրողությունն էլ Հայաստանում տասնամյակներով ձևավորել է քաղաքական համապատասխան մտածողություն: Դրան զուգահեռ, Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է իր համար անվտանգային կենսական ռեգիոնի կենսական և, թերևս, միակ պետությունը, որտեղ ունի էական ազդեցություն և ներկայություն: Չեզոքանում է դա՝ չեզոքանում է ռուսական ռեգիոնալ ազդեցությունը: Իհարկե, այստեղ այլ հարց է, թե Հայաստանի շահից որքան է բխում այդ հեռանկարը, կամ ընդհանրապես ինչ հեռանկար է բխում: Բայց միարժեք, որ Հայաստանի շահից չի բխում ռուսական ֆորպոստ կամ միջնաբերդ լինելու հեռանկարը: Հայաստանը կարող է լինել Ռուսաստանի գործընկեր, ապահովելով նրա էական դերակատարությունը Կովկասում: Սակայն դա պետք է ենթադրի նաև համարժեք փոխադարձություն միջպետական հարաբերության տրամաբանությամբ, այլ ոչ անվերապահ գերակայության: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանում առաջինը չեն ընդունում կամ դիտարկում ոչ մի կերպ և գործում են միայն անվերապահ գերակայության մտածողությամբ: Հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ, այդ մտածողությունը նույնն է: Փոխվել է, իհարկե, Հայաստանի հակազդեցության կամ դիմադրունակության ռեսուրսը, այն հարստացել է հանրային կամքով: Մեծ հաշվով, Հայաստանի հանրային կամքը Ռուսաստանի համար դարձել է խնդիր: Խնդիր, սակայն, մտածողության մակարդակում:

Այսինքն՝ Հայաստանը չի անում Ռուսաստանի համար վտանգավոր ոչինչ, Հայաստանը կասկածի տակ չի դնում ՌԴ ռեգիոնալ դերակատարությունը, ավելին՝ Հայաստանն, ըստ էության, Ռուսաստանին տալիս է հնարավորություն ավելի համարձակ լինել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունում: Բայց այդ ամենը հանգում է մտածողությանը:

Ռուսական վերնախավին չի հետաքրքրում այն, որ Երևանը բոլորովին չի դնում հակառուսական արտաքին քաղաքականության հարց կամ կասկածի տակ չի դնում հայ-ռուսական հարաբերության հարցը: Երևանն ընդամենը դնում է հայ-ռուսական հարաբերությամբ հանդերձ որևէ հարցում ինքնուրույն և ինքնիշխան որոշում կայացնելու սկզբունքի, իրավունքի խնդիրը: Բայց, քանի որ ռուսական մոտեցումը ոչ թե ռացիոնալ գնահատականի, այլ մտածողության խորքի կամ բնազդի մակարդակում է, Հայաստանի ինքնուրույն, ինքնիշխան ներուժի որևէ հեռանկար դիտարկվում է սպառնալիք ու կորուստ: Իսկ ինչպե՞ս ազդել այդ ներուժի վրա, որ ահռելի գեներացիա է ունեցել հեղափոխության արդյունքում, ինչպե՞ս ազդել հանրային կամքի վրա: Իհարկե, խթանելով, խրախուսելով ներքին անորոշություն, խթանելով ու խրախուսելով անկայունության ալիք, առնվազն անելով դրա իմիտացիա: Ու քանի որ կա տասնամյակների ազդեցությունը նաև հայկական որոշակի շրջանակների մտածողության և բնազդի մակարդակում, Հայաստանում գտնվում են այդպիսի խնդիրների, կամա թե ակամա, ծառայողներ: Իսկ Ռուսաստանի համար խնդրի գինը աշխարհաքաղաքական է, քանի որ Մոսկվան կորցնում է դիրքը, արդեն մի քանի տարի շարունակ, և այդ գործընթացը անկասելի է, թեև փորձում են կասեցնել տարբեր, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ:
Spread the love